ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ
Հայաստանի ներքաղաքական զարգացումները թևակոխում են վճռական փուլ: Համենայն դեպս՝ Քոչարյանն ակնհայտորեն պատրաստվում է վճռական ճակատամարտին: Ճակատամարտ, որն իր համար ոչ թե իշխանության, այլ կենաց-մահու խնդիր է: Եվ բնականաբար, թիմակիցներ է հավաքագրում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Քոչարյանը թիմակիցների պակաս չունի: Եվ իսկապես, միշտ էլ կգտնվեն հարյուրավոր պնակալեզներ, որոնք հանուն բարեկեցության պատրաստ են բառացիորեն սողալ գործող նախագահի ոտքերի տակ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մի բան է՝ երբ սողում ես նախագահի ոտքերի տակ (այդ դեպքում իշխանափոխությունն ընդամենը ոտքերի տիրոջ փոփոխություն է՝ առանց սողացողի կենսակերպի փոփոխության), այլ բան է, երբ կանգնում ես նախագահի կողքին (այդ դեպքում իշխանափոխությունը նշանակում է ոչ միայն պաշտոնանկ արված նախագահի, այլև նրա կողքին կանգնածների քրեական պատասխանատվություն):
Քոչարյանին այսօր իր կողքին մինչև վերջ կռվելու պատրաստ ուժեր են պետք, և նա հավաքագրում է դրանց՝ հանցավոր աշխարհում ընդունված օրենքներով: Այն է՝ հանցախմբի առանց բացառության բոլոր անդամներին ստիպել մասնակցել հանցագործությանը՝ նրանց հետագա հնարավոր դավաճանությունը բացառելու նպատակով: Կոնկրետ օրինակներ բերենք: Դատավորը իշխանափոխությունից վախենալու պատճառ չունի, որովհետև ցանկացած իշխանության օրոք կկատարի իր մասնագիտական պարտականությունները: Բայց հենց որ դատավորին ստիպում են օրենքի խախտումներով քաղաքական պատվեր կատարել, նույն րոպեին նա դառնում է գործող նախագահի ամենահավատարիմ զինվորը: Որովհետև իշխանափոխության դեպքում հայտնվելու է այնտեղ, որտեղ սովորաբար ինքն է ուրիշներին ուղարկում: Նույնը վերաբերում է նաև բարձրաստիճան զինվորականներին, համայնքապետերին և այլոց:
Ի՞նչ է անելու Քոչարյանը: Մի բան հաստատ է՝ նա առանց արյուն թափելու չի գնա: Նա նույնիսկ ջազ չի կարողանում լսել առանց արյուն թափելու: Ընդ որում՝ չի գնա ոչ թե նրա համար, որ անչափ շատ է սիրում իշխանությունը (մարդու այդ տեսակը ինքն իրեն նաև ստորադասի կարգավիճակում է լավ զգում), այլ որովհետև զրկվել իշխանությունից՝ նշանակում է գոնե առաջին փուլում որպես վկա հարցաքննվել հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով:
Եվ հարցաքննվել առանց «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցների աջակցության, ու հարցերին պատասխանել ինքնուրույն: Հենց սա՛ է, որ չի կարող Քոչարյանը: Դրա համար էլ առանց արյուն թափելու չի գնա: Դրա համար էլ, երբ խոսք է գնում հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների կամ Մեղրին ծախելու մասին, ոչ թե այդ թեմաներին է անդրադառնում, այլ հիշեցնում է, որ ինքը բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է:
Ընդ որում, չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Քոչարյանն այս ընտրությունների արդյունքները «բարեհաջող» կկեղծի, կպաշտոնավարի մինչև 2008 թվականը և կհեռանա: Նա 2008թ. նույնպես առանց արյան չի հեռանա, որովհետև այն, ինչ կատարվել է Հայաստանում նրա պաշտոնավարման օրոք, վաղեմության ժամկետ չունի: Հետևաբար, 2008թ. իրավիճակը չի փոխվելու:
Փաստորեն, Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ սահմանադրական կարգը հնարավոր չէ վերականգնել Սահմանադրության շրջանակներում: Բնականաբար, հարց է առաջանում. այս իրավիճակում արժե՞ վախենալ արյունահեղությունից: Ի վերջո, այս «գետնի վրա» գրեթե ամեն օր էլ արյուն է հեղվում. մեկին «անզգույշ քաշքշում են», մյուսն «ինքնասպանություն» է գործում, երրորդին բանաստեղծություն գրելու համար ձերբակալում են, չորրորդի մոտ «կեղծ դիպլոմ» են հայտնաբերում, հինգերորդին զինվորական կոչումից են զրկում...
Հրայր Ավետիսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 381, հուլիս 26, 2002 թ.