...

Ղարաբաղցի լինելը նշանակություն չունի

Ղարաբաղցի լինելը նշանակություն չունի

ՉԻ ՓՐԿԻ

Հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին չի ընդունում: Սա միանշանակ է: Ավելին՝ հասարակությունը չի ընդունում նաև նրանց, ովքեր այս կամ այն պատճառով ստիպված են քծնել Քոչարյանին: Եվ սա նույնպես հասկանալի է. անկասկած, Քոչարյանը որևէ արժանիք չունի, հանուն որի նորմալ մարդը կընդուներ նրան: Հետևաբար, նրան ընդունողներն առաջնորդվում են զուտ անձնական շահերով: 

Չինովնիկական հսկայական ապարատը, որի բարեկեցությունը (բնականաբար՝ ժողովրդի հաշվին) ուղղակիորեն կախված է կոռումպացվածության բարձր աստիճանից և Քոչարյանի իշխանության կայունությունից, շատ լավ հասկանում է, թե հասարակ ժողովուրդն ինչպես է կոչում իր կեցվածքը: Եվ բնականաբար, արդարանալու ուղիներ է փնտրում: Հիմնական «արդարացումն» այն է, թե «հետո՞ ինչ, որ Քոչարյանը ղարաբաղցի է, ի՞նչ կարիք կա սեպ խրել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև»: Հաշվարկը հասկանալի է. այդ հնարքով չինովնիկները փորձում են հասարակությանը ներկայանալ ոչ թե որպես հանուն սեփական բարեկեցության Քոչարյանին քծնող հաստավիզ պնակալեզներ (ինչպես որ կան իրականում), այլ որպես ղարաբաղցիների իրավահավասարությունը պաշտպանող և այդպիսով՝ հանուն ազգի միասնության պայքարող լայնախոհներ: Իրականում սա չափազանց պրիմիտիվ հնարք է և կարող է հավատ ներշնչել բացառապես մանկամիտների վրա: 

Բանն այն է, որ հասարակությունն ատելով ատում է Քոչարյանին ո՛չ նրա ղարաբաղցի լինելու համար: Հասարակությանն ապուշի տեղ դնել չարժե: Հասարակությունը շատ լավ հասկանում է, որ «ղարաբաղցի-հայաստանցի» տարբերությունն արհեստածին է և վտանգավոր: Եվ ընդդիմությունն էլ Քոչարյանի հրաժարականը պահանջում է ոչ թե նրա համար, որ Քոչարյանը ղարաբաղցի է, այլ նրա համար, որ Քոչարյանի իշխանությունը վտանգում է մեր պետականությունը, որ նրա օրոք Հայաստանը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող քաղաքական սպանությունների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, որ նրա օրոք Հայաստանի տարածքները առքուվաճառքի առարկա են դառնում, որ նրա օրոք ամեն քայլափոխի ոտնահարվում են երկրի Սահմանադրությունն ու օրենքները... 

Ոչ մի նորմալ երկրում որևէ փաստաբանի մտքով անգամ չի անցնի սպանության մեջ մեղադրվող սևամորթին պաշտպանելիս հայտարարել, թե մարդասպանին պատժելը ռասիզմ է: Նման բան կարող է անցնել միայն մեր չինովնիկների մտքով: Վերջիններս Քոչարյանին քծնելու իրենց մոլուցքն արդարացնելու ճանապարհին կարող են հայտարարել, թե «հետո՞ ինչ, որ Քոչարյանը հեռակա է ավարտել պոլիտեխնիկը, կարգին հայերեն չգիտի կամ խոսում է բացառապես կլիզմաների ու ձվերի մասին...»: Քոչարյանը նույն հաջողությամբ կարող էր ավարտած լինել կարուձևի ուսումնարանի կոճակի ֆակուլտետը, բայց չէ՞ որ նրա պաշտոնանկության իրավական հիմքերի երկարաշունչ ցանկում որևէ խոսք չկա ո՛չ նրա դիպլոմի, ո՛չ մտավոր ունակությունների մասին: 

Ավելին՝ առաջին հերթին հենց Քոչարյանին է ձեռնտու, որ հասարակությունը քննարկման առարկա դարձնի ոչ թե իր իշխանության օրոք կատարված բազմաթիվ ծանրագույն հանցագործությունները (հիմնականում՝ պետության և պետականության դեմ), այլ իր ծագումը, խոսքի կուլտուրան, դիմախաղը, վարքագիծը... Որովհետև ա՛յդ հարթության մեջ Քոչարյանը կարող է պաշտպանվել: Իսկ կոնկրետ պետության դեմ կատարված հանցագործությունների դեպքում պաշտպանվել չի կարող: Անկախ նրանից՝ ղարաբաղցի՞ է, թե՞ լոռեցի, բասկետբո՞լ է սիրում, թե՞ ֆուտբոլ, վիզկա՞պ է կապում, թե՞ փողկապ: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 375, հուnիս 5, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ