...

Ստամոքսակենտրոն ուժերի պայքարի իմիտացիան

Ստամոքսակենտրոն ուժերի պայքարի իմիտացիան

«Դարի հարսանիքի» շուրջ ծավալված բուռն քննարկումները հասկանալի են։ Նորմալ է, որ մուլտիմիլիոնատերը, թեկուզ աղքատության ճիրաններում բզկտված երկրում, գերշքեղ միջոցառում է կազմակերպում, նորմալ է, որ քաղաքական գործիչը խոսում է սոցիալական արդարությունից և խոստանում երկիրը դուրս բերել ծանր վիճակից, բայց նորմալ չէ, որ այդ երկուսն էլ նույն մարդն է անում։ Այստեղից էլ՝ անհամարժեք բուռն արձագանքը։

Խնդիրը, իհարկե, այդ հարսանիքը չէ։ Դա ընդամենը առիթ էր, որը հերթական անգամ ցույց տվեց, թե արժեհամակարգային ինչ խոր ճգնաժամի մեջ է մեր հասարակությունը։ Ընդ որում՝ այդ արժեհամակարգը մի օրում չի խեղվել։ Հիմա արդեն որևէ մեկը չի հիշում, չէ՞, որ 1998-ի իշխանափոխությունից անմիջապես հետո առաջին միջոցառումը, որին մասնակցեց Ռոբերտ Քոչարյանը նախագահի կարգավիճակով, «Ոսկե ձկնիկ» ռեստորանի բացումն էր։ Հասարակությունն ուղղակի պապանձվել էր նշաձողի այդպիսի անկումից՝ մինչ այդ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ պետության առաջին դեմքը կարող է մասնակցել ռեստորանի բացման։ Հետագայում դա սովորական բան դարձավ, քաղաքապետարանն ու պետական մյուս կառույցները դարձան «փողի վրա նստած» հիմնարկներ, իսկ Սերժ Սարգսյանի օրոք ընդհանրապես անհնար էր պատկերացնել որևէ շատից-քչից կարևոր հարսանիք կամ նշանդրեք՝ առանց պետության առաջին դեմքի հանրահայտ տրնգիի։ Ու մարդիկ չէին ուզում անգամ մտածել՝ կարո՞ղ է արդյոք նորմալ պետություն ունենալ այն հասարակությունը, որը հանդուրժում է, օրինակ, ոչ միայն բարձրաստիճան իրավապահների, այլև արքեպիսկոպոսների պատվավոր մասնակցությունը քրեական հեղինակությունների կազմակերպած միջոցառումներին։ Պատկերացրիք, չէ՞, հոգևորականը մինչև ուշ գիշեր քրեական հեղինակության հետ խմում էր ու հաջորդ առավոտյան սուրբ մյուռոնով երեխա կնքում, իրավապահը մինչև ուշ գիշեր օրենքով գողերի շրջապատում պարում էր «Իմ ախպերս» երգի տակ ու հաջորդ առավոտ գնում աշխատանքի՝ պահպանելու օրինականությունը, և դա նորմալ էր համարվում։

Կարող է տպավորություն ստեղծվել, թե 2018-ից հետո ինչ-որ բան փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը, իբր ի հակադրություն նախկինների, տեսախցիկների առջև «սիմինդ-փարթի» էր անում, հանրային միջոցառումների ժամանակ լավաշ պատառոտում ու խորովածի վրա հարձակվում այնպիսի եռանդով, ասես մինչ այդ մի 15 տարի միայն վերմիշել էր կերել, ու նպատակը հասկանալի էր՝ իբր «մինչև հիմա օլիգարխներն են քեֆ արել, թող հիմա էլ ժողովուրդը քեֆ անի, ես էլ ժողովրդի հետ հավասար»։ Բայց ուշադրություն դարձրեք՝ առանցքային գաղափարը նույն ուտել-խմելն էր, ավելի կարևոր արժեք փաստորեն գոյություն չուներ։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «տնտեսական թեմայով» իշխանությունների հղած միակ ուղերձը հետևյալն էր՝ «ժողովուրդ, ինչքան կարաք շատ գնացեք սրճարաններ ու ռեստորաններ»։ 

Այսպիսի հանրահայտ ճշմարտություն կա. եթե երկրում իշխում են օրենքները, աղքատ լինելն ամոթ է, իսկ եթե իշխում է անօրինականությունը՝ հարուստ լինելն է ամոթ։ Բայց արդյոք մեր հասարակությունն ընկալո՞ւմ է այս ճշմարտությունը։ Եթե ընկալեր՝ ոչ Գագիկ Ծառուկյանը կհամարձակվեր այդպիսի ցուցադրական ճոխությամբ միջոցառում կազմակերպել, ոչ էլ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը արհամարհական քմծիծաղով տեսախցիկների առջև կհայտարարեր, թե ի՞նչ 4 միլիարդ դոլար, Հայաստանում մի 200 ընտանիք կա, որ իր ունեցածի չափ փող ունի։ Բայց նրանք գիտեն, որ մեզանում արժեքները հիմնովին են խեղաթյուրված, ու ցանկացած ճանապարհով հարստանալը կամ խաբելով ու «քցելով» իշխանության հասնելը հասարակությունը ոչ այնքան հանցանք է համարում, որքան շնորհք կամ աչքաբացություն։

Ու նույն «դարի հարսանիքի» ծախսերը հաշվողներն ու դժգոհողներն էլ ընդամենը երկու մասի են բաժանվում՝ մի մասը հաշվում է, թե այդքան փողով քանի անօդաչու կարելի էր գնել, մյուսը հաշվում է, թե քանի հազար հոգու կարելի էր բերել հանրահավաքի ու հեռացնել այս դավաճան իշխանություններին։ Այն իշխանություններին, որոնց առաջ քաշած միակ «գաղափարը» պատերազմից հետո սա է՝ «ոչինչ, ժողովուրդ ջան, զատո հեսա սահմանները կբացվեն, սաղդ կուշտ փորով հաց կուտեք»։

Արմեն Բաղդասարյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ