Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մեր պարտության խորքային պատճառների փնտրտուքը որևէ մեկին կարծես թե առանձնապես չի հետաքրքրում։
Թեման, իհարկե, շուրջօրյա ռեժիմով քննարկվում է, վարկածների պակաս չկա, բայց ամեն ինչ սահմանափակվում է ընդամենը հանրահայտ փաստերի արձանագրմամբ ու «հայի բախտի» վերաբերյալ սրտաճմլիկ դատողություններով՝ առանց կատարվածի պատճառներն ընկալելու որևէ ճիգի։ Ընդ որում, եթե մի կողմ թողնենք մանրուքները, ապա հանրային գիտակցության մեջ արձանագրված է պարտության երկու հիմնական պատճառ։ Առաջին՝ իշխանությունների բացարձակ ապաշնորհությունն ու որևէ բան կազմակերպելու խայտառակ անկարողությունը (գիտակցաբար, թե մտավոր տկարության պատճառով՝ տվյալ դեպքում էական չէ), և երկրորդ՝ այն, որ փաստորեն ամբողջ աշխարհը մեր դեմ էր։ Բայց մեր հանրային-քաղաքական միտքն այս արձանագրումից այն կողմ չի անցնում ու չի ուզում ինքն իրեն հաջորդ հարցը տալ՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում հնարավոր դարձավ անսկզբունք տկարամիտների իշխանությունը (կարելի է օգտագործել նաև «ազգակործան պատուհասներ» կամ «շնաբարո դուրսպրծուկներ» ձևակերպումներն՝ ըստ ճաշակի), և ինչո՞ւ էր ամբողջ աշխարհը մեր դեմ։
Այս «ինչուները» շատ կարևոր են, որովհետև պատերազմը չի ավարտվել, պատուհասները շարունակում են ղեկավարել երկիրը, ամբողջ աշխարհի վերաբերմունքն էլ մեր նկատմամբ շարունակում է մնալ նույնը։ Այսինքն՝ ըստ էության ոչինչ չի փոխվել։
Սկսենք առաջին հարցից։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր դարձավ այս ապիկարների իշխանությունը։ Հասկանալի է, որ եթե որևէ հասարակությունում մեծամասնությունը տասնամյակներ շարունակ չի ցանկանում տեսնել իրականությունը և գերադասում է ականջահաճո սուտը, այդ երկրում վաղ թե ուշ իշխանության է գալիս նա, ով ամենալավն է ստում։ Բայց նաև այնպես չէ, որ ցանկացած երկրում պրոֆեսիոնալ սուտասանը կարող է իր նման մի 15-20 հոգու ետևը գցել, չոմբախն առնել ու մի քանի օր քայլելով գալ, իշխանությունը վերցնել։ Դրա համար այլ նախադրյալներ էլ են պետք։ Ամենակարևորը՝ պետք է նախապես այնպես անել, որ տվյալ երկրում երկար ժամանակ իշխանության լինեն այնպիսի ուժեր, որոնցից հասարակության բացարձակ մեծամասնությունը զզվում է։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենապրոֆեսիոնալ սուտասանը, զինանոցում ունենալով ընդամենը թափառական մի շուն ու մի քանի տասնյակ ուսապարկ, չի կարող առանց որևէ ծրագրի ու գաղափարախոսության, բացառապես հիստերիկ ճղճղոցով վերցնել իշխանությունը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն ընկալվում է որպես հակահայկական միջազգային մեծ նախագծի մասնիկ, որի նպատակը Հայաստանը գիտակցաբար պարտության տանելն ու երկրի ինքնիշխանությունը վերացնելն էր (իսկ այդպես կարծելու հիմքերը բավականին ծանրակշիռ են), ապա պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես այդ նախագծի բաղկացուցիչներն էին։ Որովհետև առանձնահատուկ տաղանդ էր պետք՝ երկիրն այն վիճակին հասցնելու համար, որ նոր պատերազմն աչքի առաջ ունեցող ու սեփական մտավոր պոտենցիալով պարծեցող ժողովուրդը կուրորեն իշխանության բերի բանակում չծառայած ու թերի բարձրագույն կրթությամբ մեկին։ Գուցե միջազգային հանրությունը հենց դրա համա՞ր էր երկու տասնամյակ հանդուրժում այդ երկուսի պաշտոնավարումը, որովհետև առանց դրա հնարավոր չէր լինի անցնել «օպերացիայի» հաջորդ փուլին։
Հիմա շատերն, իհարկե, հասկացել են, որ Նիկոլն իրենց խաբել է, ու նրա և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև առանձնապես տարբերություն չկա։ Բայց արձանագրել են միայն մակերեսային նմանությունները՝ «նորերն» էլ են թաղված կոռուպցիայի մեջ, սրանք էլ են իրենց մերձավորներին օլիգարխներ սարքում, սրանց հենարանն էլ են ուժայինները, սրանք էլ են կեղծելու ընտրությունները և այլն։ Բայց հիմնական նմանությունը չեն ֆիքսել՝ Արցախն ու Հայաստանի փաստացի ինքնիշխանությունը կորցրեցինք սրանց միասնական և շարունակական քաղաքականության, իսկ ավելի ճիշտ՝ մի քանի քայլանի կոմբինացիայի արդյունքում։
Իսկ այն հարցին, թե ինչու էր (է) գրեթե ամբողջ աշխարհը մեր դեմ՝ կանդրադառնանք մեկ այլ հոդվածում։
Արմեն Բաղդասարյան