MPG ՍՊԸ-ն հուլիսի 27-31-ը Հայաստանում հերթական սոցիոլոգիական հարցումն է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, 1100 մասնակիցները պատասխանել են նաև այն հարցին, թե ո՞ւմ ձայն կտային, եթե առաջիկա կիրակի օրը Հայաստանում անցկացվեին խորհրդարանական ընտրություններ։
Եկեք այսպիսի էքսպերիմենտ անենք․ մի՛ շտապեք նայել հարցման արդյունքներն ու պատկերացրեք, որ Բաքվում այսպիսի հարցում է անցկացվել՝ «Հայաստանի ո՞ր ղեկավարն է ավելի շատ օգուտ տվել Ադրբեջանին»։ Առաջին տեղում, բնականաբար, կլիներ Նիկոլ Փաշինյանը, որովհետև խայտառակ պատերազմ է տանուլ տվել, չի դիմադրել, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք, Արցախն անվերապահորեն ճանաչել է Ադրբեջանի կազմում, և այլն։ Երկրորդ տեղում երևի կլիներ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև նա է 1997-ին ձախողել հաղթանակած պատերազմի արդյունքների ամրագրումն ու արժանապատիվ խաղաղությունը, հետո էլ Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից։ Երրորդ տեղում կլիներ Սերժ Սարգսյանը, որովհետև նրա օրոք էր Հայաստանը «Եվրոպական խաղեր տալիս», ու հենց այդ ընթացքում էր, որ Ադրբեջանը, դրանից օգտվելով, ահռելի ծավալով սպառազինություն ձեռք բերեց Ռուսաստանից։ Իսկ վերջին տեղում, բնականաբար, կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև Ադրբեջանը նրա օրոք միայն պարտվել է։
Իսկ հիմա եկեք նայենք Հայաստանում անցկացված հարցման արդյունքները։ Չեք հավատա, բայց հերթականությունը նույնն է․ ամենաբարձր վարկանիշն ունի Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը, իսկ այդ քառյակում ամենացածրը Լևոն Տեր-Պետրոսյանինն է։ Այլ կերպ ասած՝ ով Ադրբեջանին ավելի շատ օգուտ է տվել, Հայաստանում ավելի բարձր վարկանիշ ունի։ Հետո էլ ասում են՝ «գենետիկորեն անհամատեղելի ենք»։