...

Խաչատուր Սուքիասյանի հիշողությունն է վատացել

Խաչատուր Սուքիասյանի հիշողությունն է վատացել

ՔՊ պատգամավորը չի հիշում, թե ումից է լսել Սերժ Սարգսյանի կազինո գնալու մասին

Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին երեկ հրապարակվել է Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքից մի հատված։ «Aravot.am»-ը այս առիթով հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը դատարան է դիմել Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից հայտարարություն կատարելու մասով. «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում․․․ Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահը եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։ 

Սարգսյանի փաստաբանը դատարանում Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքից հատված է կարդացել։ Ըստ կայքի՝ երբ քննիչն ուղիղ հարց է ուղղել՝ կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են ձեզ հայտնի ՀՀ նախագահի կողմից Բադեն-Բադենի խաղատներում հիշյալ գումարի ծախսման, գումարի տեղափոխման կամ փոխանցման հանգամանքների մասին, կարո՞ղ եք ներկայացնել ձեր հայտարարությունը հիմնավորող կոնկրետ փաստական տվյալ՝ նա պատասխանել է. «Հիշյալ հայտարարությունից հետո լրագրողների հետ իմ ունեցած ճեպազրույցի ընթացքում ես պարզաբանում եմ տվել՝ ասելով, որ ես այդ ամենը, ըստ էության լսել եմ ՀՀ-ում և արտերկրում գտնվող իմ մտերիմներից, ովքեր մտահոգված են եղել ՀՀ-ով, Հայաստանի ապագայով և ովքեր պատմել են Սերժ Սարգսյանի՝ խաղատուն այցելելու և տանուլ տված մոտավոր գումարի չափի մասին; Այսինքն, այդ ամենը ես մոտավոր խոսակցությունից եմ լսել, սակայն թե կոնկրետ ումից՝ այս պահին չեմ կարող մտաբերել ու ասել»: 

Տասնամյակներ շարունակ մամուլը բարձրաձայնել  է Սերժ Սարգսյանի՝ կազինոներում խաղալու մասին։ Անգամ ԵԽԽՎ նստաշրջաններից մեկում Սերժ Սարգսյանին համապատասխան հարց է տրվել հայաստանյան պատվիրակության ներկայացուցչի կողմից։  Որևէ անգամ Սերժ Սարգսյանը չի պաշտպանվել դատարանով, լուրջ չի վերաբերվել այդօրինակ հայտարարություններին և լուրերին։ Իսկ այս անգամ որոշել է արձագանքել ու պարտադրել Սուքիասյանին հրապարակավ ԱԺ ամբիոնից հերքել իր հայտարարությունը։ Ինչո՞ւ․ սկսել է մտածել իր հեղինակության մասին, թե՞ պարզապես զզվում է Սուքիասյանից և որոշել է հրապարակային ապացուցել, որ բացի բամբասելուց Սուքիասյանն այլ բան չի կարող անել։ Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորի ցուցմունքին, թե «ուրիշներից մոտավոր խոսակցության շրջանակներում է դրա մասին տեղեկացել», առնվազն ծիծաղելի է։ Չնայած ավելին չէինք էլ ակնկալում․ մարդը սրճարանների սեղաններն ու ԱԺ ամբիոնն առանձնապես իրարից չի տարբերում։ Ինչ պատերի տակ է խոսում, նույնն էլ ԱԺ ամբիոնից է հայտարարում։ Իշխանության իր պատկերացումն է իրացնում։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ