...

Պատգամավորն ու քաղաքապետարանի պաշտոնյան՝ բիզնես պարտնյորներ

Պատգամավորն ու քաղաքապետարանի պաշտոնյան՝ բիզնես պարտնյորներ

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հրաժարվել է հատուցել քաղաքացու՝ բժշկական ապահովագրության փաթեթով նախատեսված գումարը։ Եվ որպեսզի այդ «հրաժարումը» օրինական գործընթացի տակ «անցկացնի», դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ պահանջելով մեկնաբանություն, որը կսպասարկի բացառապես ապահովագրական ընկերության կամ որ նույնն է՝ Խաչատուր Սուքիասյանի շահերը։ Տեղի ունեցածի մասին բարձրաձայնել է փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ նշելով, որ իր վստահորդին ընկերությունը հրաժարվել է փոխհատուցել 520.000 դրամ, և դա չանելու համար ընկերության տնօրինությունը դիմել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ-ին, որը հետո դարձել է վարչության պետ։ «Մի խայտառակ բնույթի թղթի կտոր են վերցրել՝ փորձելով մերժմանն իրավական հիմք տալ: Ինչևէ, երեկ այդ խայտառակ թուղթը տված աշխատակցի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին: Ինը տարի շարունակ աշխատելով «Սիլ Ինշուրանսում»՝ երբեք չի եղել դեպք, որ մարդկանց ապօրինի մերժելու համար խայտառակ փաստաթղթեր վերցնենք ու օգտագործենք մարդկանց հասանելիք գումարները չտալու համար: Չնայած՝ հանուն արդարության պիտի ասեմ, որ իմ աշխատած տարիներին տնօրենները լրիվ այլ արժեհամակարգ ունեին և շատ լավ հասկանում էին, որ ապահովագրության պայմանագիր կնքելով՝ մարդկանց պրոդուկտ էին վաճառում և ոչ թե թղթի կտոր, որը պարզապես կապահովի մարդկանցից փողեր վերցնելը: Ապահովագրական պայմանագիր կնքած յուրաքանչյուր անձ ապահովագրական ընկերությունից գնում է ծառայություն, որ պատահարի դեպքում ստանա հատուցում, պայմանագիր կնքած անձը փող չի մուրում ապահովագրականից, այլ պահանջում է իր գնած ծառայության կատարումը: Ցավում եմ, որ որոշ ապահովագրականներ կամ իրենց տնօրենները մոռացել են այս կոնցեպտը»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է փաստաբանը։

«Խայտառակ թղթի» հեղինակը Յակով Ասատրյանն է, որը Սուքիասյանի ընկերությանը տված գրությունից կարճ ժամանակ անց դարձել է վարչության պետ։ Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ ծառայության դիմաց «փոխհատուցում»՝ դժվար է ասել։ Բայց, Դիանա Գրիգորյանը երեկ հասցրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարցում ուղարկել իր բնորոշմամբ խայտառակ գրության և դրա հեղինակի մասին։ 

Չխորանալով իրավական մանրամասների մեջ՝ ընդգծենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցն ու իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը միասին փորձում են «քցել» քաղաքացուն։ Միմյանց շահն են սպասարկում, իրար հովանավորում են՝ մեկը փող է աշխատում, մյուսը պաշտոն է ստանում։ Կարճ ասած բիզնես են անում։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ