...

Խեղճ Գռզո

Խեղճ Գռզո

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե ի՞նչ նպատակով է քանդվել ալրաղացի կոմբինատի սյունաձև շինության մի հատվածը և ինչու է դա արվել առանց քաղաքապետարանի թույլտվության: Այդ հատվածը քանդվել է սեյսմիկ վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, իսկ քանդված շինության փոխարեն կառուցապատում իրականացնելու ծրագիր չկա․ 168․am-ին փոխանցել է Աննա Մկրտչյանը: Հարցին, թե ինչու են քանդման աշխատանքներ իրականացրել առանց քաղաքապետարանի թույլտվության, Աննա Մկրտչյանը նշել է, որ դիմել են քաղաքապետարան, տեղեկացրել, որ կա սյուներից մեկի փլուզման վտանգ, սակայն քաղաքապետարանից այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել: 

Խեղճ Սուքիասյան, չէի կարող իր պատգամավորական մանդատը օգտագործել և, օրինակ, ԱԺ կառավարության հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել հարցը՝ ալրաղացի սեյսմիկ վտանգավորության աստիճանը այնքան ռիսկային է, որ էլ չի կարելի սպասել։ Քաղաքապետի համարն էլ չուներ, որ զանգեր ու ասեր, թե խնդիր կա, արագ պետք է չեզոքացնել վտանգը։ Մնացած «վերևների» ականջին կաթեցնելու մասին չենք էլ խոսում։ Չէ, փոխարենը մարդը ինքնագլուխ որոշում է կայացրել, իրեն տարածքի տերուտիրակալ է կարծել ու սկսել է չեզոքացնել վտանգը։ Հասցրել է քանդել, որից հետո վրա է հասել քաղաքապետարանը և համապատասխան որոշմամբ կասեցրել աշխատանքները։ Կասեցնելուց հետո նոր պարզաբանել են, թե շինարարություն այդ տարածքում չի լինելու։ Ոչինչ, մի քիչ կանցնի, նորից կսկսեն բզբզալ։ Կարևորը քանդելն է, տարածքը հո երկար քանդած չի՞ մնալու, մի օր էլ մեծահոգաբար կորոշեն բարեկարգել այն։ Հենց խոսեցին, մուննաթ կգան, թե լավ բան ենք անում, ինչո՞ւ եք դժգոհում։ Էդպես էլ չեն հասկանա, որ պետությունը իրենց հոր «դուքյանը» չէ, մանդատն էլ «լավ տղա խաղալու» գործիք չէ, որ որտեղ ինչ պետք լինի քանդեն, ինչ պետք լինի կառուցեն, ձեռքի հետ էլ փիլիսոփայեն։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ