Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակչության կոմունալ ծախսերը, պետական աշխատավարձերը վճարել է ՀՀ Կառավարությունը, որ Արցախը երբեք այդքան մեծ բյուջե չի ունեցել, որքան 2021թ., և որ Հայաստանը երբևէ այսչափ մեծ օգնություն չի ցուցաբերել Արցախին: Իր հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է․ «Գիտեք, որ միայն 2021-ին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել: Սա ինչ-որ առումով նաև անվտանգային դերակատարություն ունի: Ոչ միայն սոցիալական խնդիրներ են լուծվում, այլև անվտանգության բաղադրիչ ունի: Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար»: Օրերս էլ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր եթերից հայտարարում, թե գնացեք թվերը հանեք և կտեսնեք, որ այս իշխանությունն Արցախին ավելի շատ միջոցներ է հատկացրել, քան նախկինները։
Գիտե՞ք՝ այս մարդկանց մի քիչ դժվար է բացատրել, որ փողից բացի ավելի կարևոր բաներ կան աշխարհում, անգամ այն դեպքում, երբ խոսակցությունը քաղաքականության տիրույթում է։ Անհնար է այս տեսակի ուղեղին հասցնել, որ որևէ գումարով վերականգնելի չէ այն վնասը, որը հասցվել է Արցախին, շարքային արցախցուն, պարզապես հայ մարդուն։ Որևէ հատկացում չի կարող փոխհատուցել արժանապատվության նվաստացումը, թեթևաբարո վարքի արդյունքում մի ողջ սերունդ ոչնչացնելն ու ի վերջո հայրենիքի մի մասը արկածախնդրության դիմաց զիջելը։ Կոպիտ է հնչում, բայց Հայաստանի իշխանությունն իրեն պահում է այն վարորդի նման, որը մահացու վրաերթի մասնակից է, և գնում է մահացածի հուղարկավորության արարողությանը՝ նրա ազգականներին գործարք առաջարկելու՝ փող չբողոքելու դիմաց։ Բայց քանի որ խոսք է բացվել գումարից, հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ հատկացումները պատահաբար Համահայկական հիմնադրամի՝ կառավարությանն արված փոխանցումներից չե՞ն տրամադրվել։ Ի վերջո Արցախի համար մատնանշված գումարից էլ շատ է հավաքվել՝ երևացող ու չերևացող փոխանցումների հանրագումարում։ Հարցը հռետորական է, կասկածները՝ առավել քան հիմնավոր։
Գոհար Վեզիրյան