...

Պետությունից դարձանք փաստահավաք խումբ

Պետությունից դարձանք փաստահավաք խումբ

Երեկ ողջ օրը ֆեյսբուքյան առանձին օգտատերեր տեղեկացնում էին, որ Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով վիրավոր ունենք։ Ավելին՝ նշում էին, թե Ադրբեջանը էլի է մոտեցել ու այդ հատվածում նոր տարածքներ է վերցրել վերահսկողության տակ։ Միայն ուշ երեկոյան, երբ այդ լուրերը սկսեցին դուրս գալ համացանցից և խոսակցությունների առիթ դառնալ հասարակության մեջ, ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ հաստատելով, որ միջադեպ եղել է։ Բայց դե խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է։ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ Ի դեպ՝ ռուսները երեկ չեն թողել, որպեսզի «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մուտք գործեն Արցախ։

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԳՆ-ն: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ԱԺ-ում միջադեպի առնչությամբ հայտարարել է․ «Այս պահին կարևոր ենք համարում, որ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար, սա նաև լրջագույն փորձություն է խաղաղապահների առաքելության համար։ Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի դրույթներին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովվի ԼՂ-ի և ՀՀ-ի կապը։ Այդ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ պատգամավորների շարժը արգելելու համար»։ 

Ստացվում է՝ Ադրբեջանը խախտում է պայմանագիրը, ռուսներն իրենց հերթին են խախտում պայմանագիրը, մենք էլ սահմանափակվում ենք՝ արձանագրելով փաստը։ Պետություն հո չի, մի ողջ փաստահավաք խումբ է։ Ուրիշ անելիք չունե՞նք։ Ունենք՝ պոպուլիստական ելույթներ, ապաքաղաքական վարքի դրսևորումներ ԱԺ-ում, անպատասխանատու ծախսերով քեֆեր, Ալեն Սիմոնյան և այլն։ Փաստորեն այսօր, երեկ ու երեկ չէ առաջին օրը Արցախում լուրջ տեղաշարժեր են գրանցվել, իսկ մենք նստած Ալեն Սիմոնյան ենք փորձում լսել, Գուրգեն Արսենյանին ենք փորձում անտեսել, ՔՊ-ական պատգամավորների ելույթներում ենք փորձում իմաստ գտնել։ Իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները առաջանում են, ռուս խաղաղապահները դիմադրում կամ չեն դիմադրում, մեր զինվորն է վիրավորվում։ Պատկերավոր ասած՝ մեռած ենք, բայց մեզ խնայում են, չեն ասում այդ մասին, որ տրամադրություններս չընկնի։ 

Գոհար Վեզիրյան    

ՎԱՐԿԱՆԻՇ

   1247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ