...

Նիկոլ Փաշինյանը արձանագրում է՝ առանց հավելյալ գնահատականի

Նիկոլ Փաշինյանը արձանագրում է՝ առանց հավելյալ գնահատականի

Ադրբեջանը կրկին ակտիվացել է։ Ֆեյսբուքի հայկական կոնտենտում քննարկվող ռուս-ուկրաինական պատերազմը մղվել է երկրորդ պլան, փոխարենը՝ երեկ գիշերվանից մերոնք սկսել են անհանգստանալ Ադրբեջանի գործողություններից։ Բանն այն է, որ մարտի 9-ին, օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարի ռեժիմը։ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 ական։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։ Այսօր արդեն ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Քաղաքացին շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ստեղծված իրավիճակի առիթով Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրելու: Իր հերթին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ «Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։ Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամոթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ»,- տեղեկացրել է Գրիգորյանը։ Ըստ նրա՝ «Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը»։ «Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին»,- գրել է նա։

ԱՀ ԱԽ-ը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը»։ «Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ»,- նշված է հաղորդագրությունում։ Կառույցը նաև տեղեկացրել է, որ սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ «Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,- ամփոփել է Արցախի ԱՀ Անվտանգության խորհուրդը:

Իր հերթին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ «Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով»,- ընդգծել է գերատեսչությունը՝ հավելելով․ «Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է»։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները՝ Արցախի ԱԳՆ-ն նշել է, որ դրանք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, «հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան»։

Իրավիճակին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդգծել է, որ վերջին օրերին «հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ»։ «Այս պահին, սակայն, ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ