...

Գիշերը կրակ են բացել․ Արցախում իրադրությունը շարունակում է լարված մնալ

Գիշերը կրակ են բացել․ Արցախում իրադրությունը շարունակում է լարված մնալ

ԱԳՆ-ն այսօր նորից է ահազանգել

Երեկ հերթական անգամ ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը։ Այս անգամ թիրախում են հայտնվել Ասկերանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերը, որտեղ ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում։ Երեկ երեկոյից սկսած ողջ լրահոսը այս իրադարձությունների մասին էր․ տեղի ունեցածին արձագանքել են գրեթե բոլոր պատասխանատու գերատեսչությունները, անգամ Վաշինգտոնից ու Կրեմլից են հորդորներ հնչել։ Բայց իրավիճակը չի փոխվել։ Այսօր առավոտյան արդեն ՀՀ Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Հայտարարությունում նաև ասվում է. «Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»:

Վաշինգտոնը մտահոգված է

Տեղի ունեցածին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը։  «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»․ ասված է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Երեկ կայացած հեռախոսազրույցին անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Նախարարն անդրադարձել է նաև «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին»։ «Վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են»,- նշել է Միրզոյանը՝ կարևորելով այս առումով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: 

Կրեմլը կոչ է անում կողմերին չսրել իրավիճակը

Թեման շարունակելով՝ տեղեկացնենք, որ երեկ երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Նախարարը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձել է տեղի ունեցածին՝ կոչ անելով շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։ «Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։ Մեկնաբանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան կրկնել է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը։

Խախտեք «անհարմար» լռությունը

Ասկերանում ստեղծված իրադրությանն է անդրադարձել ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանը։ «Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի»,- հայտարարել է Քրիստինե Գրիգորյանը։ Նա նաև հավելել է․ «Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը»։

Վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ իր հերթին նշել է․ «Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել»: «Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը:

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ