...

Հրատապ նիստ՝ փակ ռեժիմով

Հրատապ նիստ՝ փակ ռեժիմով

Երեկ գիշերվանից Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն առաջացնող՝ «Արցախի հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հրատապ թեմայով քննարկումն իրականացնել ԱԺ փակ նիստում։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ առաջարկվել է զեկուցման հնարավորություն տալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հավելենք նաև, որ Արցախի որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի։

«Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը: Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին առանց ջեռուցման ու տաք ջրի է թողնում Արցախի 100.000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Բայց սա այն է, ինչ իրականում կա, արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը»,- հայտարարել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար»,- հավելել է նախկին պաշտոնյան:

Այս թեմայով ՔՊ-ական միայն մեկ պատգամավոր է արտահայտվել։ Անուն-ազգանունը՝ Հռիփսիմե Գրիգորյան։ «Ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը: Սա բացառապես հումանիտար հարց է ու հրավիրում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այս հարցին»,- ասել է նա։ Այլ արտահայտվողներ ՔՊ-ից չեն եղել։ Ավելին՝ առանցքային դեմքերը լռում են։ Ի դեպ՝ նրանք չեն ցանկացել, որ այս թեմայով հրատապ քննարկումը բաց ռեժիմով ընթանա։ Պետական ու անվտանգային հարցեր են շոշափվելու, ուստի՝ փակ տարբերակն են հաստատել։ 

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ