Նայեցինք «Առավոտի» այդ հայտնի տեսանյութը, որը կոչվում է «Ինչպե՞ս և որքա՞ն են հարստացել «հեղափոխական» պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում»:
Ի՜իհ, բա սրա համար արժե՞ր այսքան աղմուկ հանել, հաքերների դիվիզիան առաջ մղել, յութուբյան ալիք փակել:
Հա, ի՞նչ էր որ: Նախարար Գնել Սանոսյանին մի թեթև համեմատել էին Չախչախ թագավորի հետ, ինչ է թե կնոջ հետ միասին 10 հատ հողամաս են ձեռք բերել, մի քանի բնակարան Երևանում գնել: Տեսե՞լ եք՝ ինչ հողամասեր էին. դժգույն, դժբախտ:
Կամ Հրաչյա Հակոբյանը: Ա դե ամոթ է, էլի, կակ նի կակ, երկրի ղեկավարի աներձագն է, հիմա երկու առանձնատուն ունենալը ի՞նչ է, որ ծամոն եք սարքել:
Արարատ Միրզոյանի ձեռք բերած առանձնատանն արդեն անդրադարձել ենք. 280 հազար դոլարով էսօր Երևանի կենտրոնում հազիվ մի սենյականոց բնակարան առնես, իսկ էդ մարդը հերիք չէ՝ 1000 քմ տարածքով հողամաս ու առանձնատուն է գնել, հլը մի բան էլ փակել է լվացքի մեքենայի վարկը: Թե՞ Նիկոլ Փաշինյանն էր փակել: Չենք հիշում, բայց երկուսն էլ հեղափոխությունը սկսել են վարկերի տակ ճկռած:
Սուրեն Պապիկյանը 168 հազար դոլարով բնակարան է գնել ու լավ է արել, մեր թշնամիների աչքն էլ հանել է: Բա ի՞նչ աներ, հո գոմ հիշեցնող կացարան չէ՞ր գնելու: Մեր բանակը պետք է գտնվի ամուր, պինդ բնակարաններում, որ մարտունակ մնա:
Շատ անարդար է քննադատությունը Ալեն Սիմոնյանի հանդեպ. բա գիտեք՝ Գյումրիից Երևան քայլելը ձրի՞ էր: Մետրը հարյուր դոլար է: Մեսիի մի րոպե խաղալու գնից 40 անգամ քիչ: Այդ փողերից 292 հազար դոլարով Երևանի կենտրոնում է բնակարան գնել, 140 հազար դոլարով՝ առանձնատուն Ջրվեժում:
Պարզ մաթեմատիկա է, ի՞նչ եք վրա տվել մարդուն: Գնացեք, քայլել սովորեք: