...

Բարև, խաղաղություն, մենք քեզ սպասում էինք

Բարև, խաղաղություն, մենք քեզ սպասում էինք

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ»,- նման հայտարարություն է տարածել Ասկերանի շրջանի վարչակազմը։ Ըստ հաղորդագրության՝ «ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ»:

Փաստ 1․ Մարտի 9-ից Ադրբեջանն անընդհատ ինտենսիվ կրակոցներ է արձակել Խրամորթ գյուղի ու հարակից տարածքների ուղղությամբ։ Օգտագործվել են նաև ականանետեր։ 

Փաստ 2․ Գյուղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել։ Բարձրախոսով հայերենով նախազգուշացրել են, թե գյուղը լքեք։ Հետո մուղամ են միացրել։ 

Փաստ 3․ Մարտի 10-ին Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: 

Փաստ 4․ Նույն օրը ստեղծված իրավիճակի առիթով Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: 

Փաստ 5․ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Այս մասին հայտարարել է ՄԻՊ-ը։

Փաստ 6․ Արցախի Անվտանգության խորհուրդը նշել է, թե սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ Հենց այս համատեքստում էլ ԱԽ-ն հերքել է լուրերը, թե իբր Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով։ 

Հիմա ուշադրություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը որակել է «Արցախում իրադրության որոշակի լարում ունենք»։ Հետո հավելել է. «Այս պահին, սակայն, ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։ Գրեթե նույն բանը կրկնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։ Դրա համար էլ այսօր գյուղի կանայք ու երեխաները տարհանվել են։ Գնահատականներ չտալու, պարզապես արձանագրումներ անելու հետևանքը հենց սա է։ Դեռ մի բան էլ՝ լավ ենք պրծել։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1082 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ