...

Հնարավոր է՝ հաջողենք

Հնարավոր է՝ հաջողենք

Երեկ Հայաստանի նորագույն պատմության ամենահիշարժան օրերից էր։ Չէ, ո՛չ հեղափոխության օրն էր, ո՛չ ՀՀ քաղաքացու, ո՛չ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձն էր, ոչ էլ Ալեն Սիմոնյանի երեխայի կնունքը։ 34 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Շարժում, որը նոր արժեքային ու քաղաքական նշաձող սահմանեց մեզ համար։ Տասնամյակներ շարունակ այդ նշաձողը դեգրադացվեց, բայց այն քաղաքական կապիտալը, որ շարժումը ձևակերպեց մեր պետության համար՝ անառարկելիորեն մեզ դարձրեց գործոն բոլոր իմաստներով։

Ստեփանակերտում երեկ նշվել է շարժման 34-ամյակը։ Հայաստանից պետական պաշտոնյաներ չեն այցելել Ղարաբաղ, Ստեփանակերտում էլ առանձնապես միջոցառումներ չեն կազմակերպվել։ Սահմանափակվել են պաշտոնական արարողությամբ՝ Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմում զոհվածների հուշակոթողի մոտ, մտքներում լուռ ամփոփել են 34 տարիներն ու հեռացել։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ: «34 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ էր իր հզորությամբ, խորապես ազգային էր և ժողովրդավարական»,- նշել է Փաշինյանը և հավելել․ «Այսօր մենք հիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամյակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ»: Վերջում նա արձանագրել է․ «Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է»: 

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ «ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա»։ «Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը: Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք, ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել օրվա թեմայով․ «34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։ Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը: Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները: Արցախը միշտ մերն է լինելու»:

ՀՀ ԱԳՆ-ն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարել է․ «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։ 1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։ Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»։ 

Անշուշտ, տեղին է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, բայց նաև կարևոր է վերհիշել Ղարաբաղյան կոմիտեի բոլոր-բոլորին, որոնց քաղաքական հաշվարկի, գրագետ կազմակերպված պայքարի ու խիզախության արդյունքում մենք ունեցանք այն, ինչ մեզ պետություն ու միավոր դարձրեց տարածաշրջանում և աշխարհում։ Ավաղ, չկարողացանք Ղարաբաղյան շարժման արժեքները հետո էլ իրացնել մեր քաղաքական-հանրային կյանքում։ Այսօր էլ այդ շարժման կարևորությունը մինչև վերջ գիտակցված չէ։ Պատահական չէ, որ մինչ պատերազմը տարին մեկ հիշում էինք այս օրը և այն վերածում ուտել-խմելու հերթական առիթի։ Հիմա, հասկանալի պատճառներով օրն ավելի շատ մռայլ տրամադրություն է բերում։ Գուցե հիմա փորձենք հասկանալ ու սկսենք իրացնել շարժման արժեքները։ Հնարավոր է՝ հաջողենք։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1204 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ