...

Սասունը նույնն է մնացել, գլխավոր գերագույն հրամանատարն է փոխվել

Սասունը նույնն է մնացել, գլխավոր գերագույն հրամանատարն է փոխվել

«30 տարի մենք բանակ չենք սարքել, որ սարքեինք, էս օրը կընկնեի՞ք»․ պատերազմից մեկ տարի անց Հ1-ի եթերում հայտարարել էր Սասուն Միքայելյանը, որի երազանքը՝ դառնալ ԵԿՄ նախագահ, ի վերջո կատարվեց, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ 

Այսօր արդեն Սասուն Միքայելյանը կրճատել է երեսուն տարվա ժամկետը՝ հայտարարելով, թե սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել։

Նոր է հիշել այս մասին։ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո շուրջ մեկ տասնամյակ Սասուն Միքայելյանը եղել է իշխանության կողքին։ Ընդ որում՝ չի եղել որպես շարքային մեկը, եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը, նրան համարել է իր մարտական ընկերը, ի պաշտոնե էլ՝ իր գերագույն գլխավոր հրամանատարը։ Ով կասկածում է, կարող է փնտրել և ինտերնետում գտնել այն դիֆերամբները, որոնք ժամանակին ձոնել է Սասուն Միքայելյանը։ Եվ այդ ընթացքում գեթ մեկ օր Միքայելյանի մտքով չի անցել ակնարկել, որ բանակ պետք է սարքենք ու չենք սարքում։ Հիմա լեզուն բացվել է, այն լեզուն, որը ճարտարաբար տասնամյակներով խմել է հայոց մարտունակ բանակի կենացը, խմել է նախագահական նստավայրից մինչև մոտակա ճաշարան ու ռեստորան, խմել է այն գեներալների ու տղաների ներկայությամբ, որոնց հետ երրորդ բաժակից հետո պատրաստվել է գնալ Բաքու՝ թեյ խմելու։ Այդ ժամանակ ամեն ինչ կարգին է եղել, որովհետև ինքն էլ իշխանության մեջ է եղել, իշխանությունն էլ՝ մարտունակ բանակի կայֆերի մեջ։

Հիմա էլ շատ բան չի փոխվել։ Ինքն էլի իշխանություն է, պարզապես հիմա իշխանությունը հրահանգավորել է բանակ-պատերազմի բոլոր թեմաները բարդել նախկինների վրա ու թեման չորով փակել։ Հա, մեկ էլ՝ հրահանգավորել է ձեռքի հետ ռուսների դեմ էլ խոսել։ Ու հիմա Սասուն Միքայելյանը երկու թեման կապել է իրար։ Ոչինչ, որ անհոդաբաշխ բան է ստացվել, մոտավորապես այսպես՝ բանակ չունենք, որովհետև մեր ստրատեգիական նշանակության օբյեկտները տվել ենք ռուսներին։ Օրինակ էլ բերում է՝ գույք պարտքի դիմացը։ Եթե կարողանայինք ԱԺ արխիվներից գտնել Սասուն Միքայելյանի քվեարկությունները, ապա կտեսնեիք, որ բոլոր պրոռուսական նախագծերին ու գործարքներին նա կողմ է քվեարկել, որովհետև այդպիսին է եղել հրահանգը։ Հրահանգ տվողն է փոխվել, իսկ Միքայելյանը նույնն է մնացել։

Եվ ամեն անգամ նրա ու նրա տեսակի հրապարակային հարցազրույցներից հետո մի հարց է առաջանում՝ ինչո՞վ կզբաղվեր Սասուն Միքայելյանը հիմա, եթե չլիներ արցախյան առաջին պատերազմը, եթե այն չհերոսացներ շուստրիներին, Վանոյի ասած՝ կամուֆլյաժե բիկինի հագածներին, հրաշքով կամ պատահականորեն փրկվածներին։ Ծանր հարցեր են, բայց պետք է առերեսվել դրանց ու փորձել գտնել պատասխանները։ Հենց գտանք՝ գուցե հաջողենք։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ