Ուղիղ 25 տարի առաջ՝ 1998 թ հունվարի 23-ին, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի հայտնի ասուլիսը, որտեղ նա փառաբանեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, խոսեց բանակի և Երկրապահի՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ գտնվելու մասին և հայտարարեց, որ հրաժարական չի տալու։
Ընդունված կարծիքի համաձայն՝ հենց այդ ասուլիսն անխուսափելի դարձրեց պետական հեղաշրջումը։ Մի քանի օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, մեկուկես տարի անց Վազգեն Սարգսյանը սպանվեց, Հայաստանի տնտեսական պոտենցիալն ու «Սփյուռքի վիթխարի ներուժն» այդպես էլ չիրացվեցին, «ռազմական հաղթանակը քաղաքական հաղթանակի վերածել» այդպես էլ չհաջողվեց․․․ Հետաքրքիր է՝ եթե Վազգեն Սարգսյանն այն ժամանակ իմանար, որ իր ելույթից 25 տարի անց «բացառիկ ազնիվ և հայրենասեր» Քոչարյանն ու Սերժը մուլտիմիլիոնատերեր են լինելու, Արցախից համարյա ոչինչ մնացած չի լինելու, օրվա երիտքայլական իշխանությունները Շուշին դժբախտ-դժգույն քաղաք ու Արցախը Ադրբեջան են համարելու, իր հարազատ եղբայրն էլ քարշ է գալու նրանց շուրջբոլորը, էլի՞ նույն ելույթը կունենար։