Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:
«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մեկ տարվա իր պատգամավորական գործունեությունը ներկայացրեց այս կերպ.
- Ես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ և ինձ համար անչափ կարևոր է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխումները: Այդ առնչությամբ ստեղծված աշխատանքային խումբը ամեն ինչ անելու է, որպեսզի բռնության քարոզը, հետապնդումները լրատվամիջոցների, քաղհասարակության ներկայացուցիչների, դատական իշխանության, իրավապաշտպանների նկատմամբ դատապարտվեն:
- Պարոն Խանդանյան, 132 պատգամավորը շատ է, թե՞ քիչ մեր խորհրդարանի համար:
- Իրականում լավ հարց եք տալիս, սահմանադրական փոփոխությունների և օրենսդրական փոփոխությունների ընթացքում կարծում եմ այդ հարցը նույնպես պետք է քննարկել, արժե արդյո՞ք ֆիքսել պատգամավորների նման թվաքանակ: Իմ կարծիքով 130-ը շատ է Հայաստանի նման փոքր երկրի համար: Պետական բյուջեի տեսանկյունից և աշխատանքի արդյունավետության տեսանկյունից ես գտնում եմ, որ պիտի մտածենք պատգամավորների թիվը կրճատելու մասին և ֆիքսենք ավելի փոքր թիվ: Որովհետև օրենսգիրքը սահմանում է, որ առնվազն 101 պետք է լինի պատգամավորների թիվը և մաքսիմում թիվ չի նախատեսում:
- Երբևէ ԱԺ ամբիոնց բարձրաձայնե՞լ եք Ձեզ մտահոգող հարցերը:
- Այս մեկ տարվա ընթացքում իմ մտահոգությունները հիմնականում վերաբերել են ատելության խոսքին, նաև տեղեկատվական դաշտի խնդիրներին, դատաիրավական համակարգի խնդիրերին և անցումային արդարադատության գործիքակազմին, որը մյուս տարվանից արդեն կսկսվի կիրառվել: Սակայն հիմնականում իմ ուշադրության կենտրոնում է մարդու իրավունքների պաշտպանությունը:
Մելանյա Ծառուկյան