...

«Անաղուհաց քրդի շան» մասին

«Անաղուհաց քրդի շան» մասին

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ «Շիզոլինի» մականունով Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ հնչեցնելով: 

Միանգամից ասենք, որ նորմալ, քաղաքակիրթ երկրներում «Շիզոլինիի» գրառման համար անմիջապես քրեական գործ կհարուցեին: Ատելություն տարածելու, անվանական հայհոյելու, վիրավորելու համար: Բայց Հայաստանում ահավոր թավիշ է: Ով, ինչ ուզում, ասում է, մտքին եկած սեռական հայհոյանքը տալիս է. զրո հետևանք: Սա տխուր հետևանքներ է ունենալու: Հիմա այդ Արտյոմ Խաչատրյանը նույն ոճով շարունակելու է բոլորին հայհոյել: Դրանում չկասկածեք, իզուր չի վաստակել իր մականունը:

Բայց մենք ուրիշ բան ենք հիմա ցանկանում հիշեցնել: Այն, որ ամիսներ շարունակ քոչարյանականներն ու միշիկականները զառանցում են, թե ատելության մթնոլորտ է տիրում, իշխանությունները անհանդուրժող են քննադատության նկատմամբ, այս են անում, այն են անում, մի «սպրավոչկա» էլ ներկայացնենք քոչարյանական բանդիտիզմի տարիներից: Որ իմանաք, թե ինչ մթնոլորտ էր տիրում:

Ուրեմն, 2002թ. հունիսին Արարատի բնակիչ Ջանիկ Ադամյանը մի քանի թռուցիկ է պատրաստում ու շենքերի պատերին փակցնում: Այդ թռուցիկում ինքը մի բանաստեղծություն էր գրել, որտեղ կային հետևյալ տողերը. «Անաղուհաց քրդի շունը շուտ մոռացավ Վազգենին, Հաստատ խառն է նրա մատը «Հոկտեմբերի 27»-ի գործին»:

Գիտե՞ք, թե իշխանություններն ինչ էին արել. Քոչարյանի կարգադրությամբ Ջանիկ Ադամյանին ձերբակալել էին: Ու նրան մեղադրանք էին ներկայացրել, որ Քոչարյանին զրպարտել է: Երբ որ Քոչարյանի անունը այդ բանաստեղծությունում նշված չէր: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը «անաղուհաց քրդի շուն» արտահայտությունն իր վրա էր վերցրել, ինչպես նաև «Հոկտեմբերի 27»-ի գործում» իր մատը խառը լինելու մեղադրանքը: Եթե մեկը գրի «անաղուհաց քրդի շուն», առանց անուն տալու, մի ուրիշն էլ դա իր վրա վերցնի, դա ի՞նչ է նշանակում. որ Հայաստանում միայն մեկ հոգի կարող էր «անաղուհաց քրդի շուն» լինել, ու դա հենց ինքն է: 

Ավելին, գործի շրջանակներում ձերբակալել էին այդ բանաստեղծությունը մեքենագրած մի կնոջ՝ Ջեմմա Սահակյանին: Գիտե՞ք ինչի համար. որ մեքենագրել է: Ու դրա համար ձերբակալել էին: Հասկանում ե՞ս, Կառլ, ձերբակալել էին: 

Այս պատմության շարունակությունն ավելի գրոտեսկային էր: Դատավարությունը սկսվում է, ամբողջ Հայաստանը սկսում է «անաղուհաց քրդի շնից» խոսել, հետևում դատավարությանը, ու նոր այստեղ իշխանությունները հասկանում են, թե ինչ զավեշտական վիճակի մեջ են ընկել, որովհետև գործի մեղադրանքով իշխանություններն ընդունել էին, որ մարդամեկը «անաղուհաց քրդի շուն» է և մատն էլ խառն է 27-ի ոճրագործությանը: Մեղադրող դատախազն ասում էր. «Ջանիկ Ադամյան, դուք ասել եք՝ «անաղուհաց քրդի շուն», էդ հաստատ Քոչարյանին եք նկատի ունեցել», ու ամբողջ դահլիճը ծիծաղում էր: 

Ու քանի որ արդեն ամբողջ երկիրն էր ծիծաղում, ու Քոչարյանն էր խայտառակ լինում, դատախազը մեղադրական եզրակացությունը հրապարակելու փոխարեն միջնորդեց կարճել քրեական գործը՝ «իրադրության փոփոխության հետ կապված»:

Ահա այսպիսի իշխանություններ են եղել, որոնք անհասցե բանաստեղծության համար մարդ էին դատում: Ու դեռ իրենք էլ ատելության մթնոլորտից ու քաղաքական հալածանքներից են խոսում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ