...

Արմեն Աշոտյանի երազը

Արմեն Աշոտյանի երազը

Ինքը շատ է կարոտել կրթության ոլորտը: Որոշում է թաքուն գնալ մոտակա դպրոց, տեսնել, վիճակը ոնց է: Ներկայանալով որպես DJ Armin, մտնում է ներս: Նայում է պատին. այնտեղ կախված են Հանրապետության ականավոր գործիչների լուսանկարները: Առաջին պլանում Նիկոլ Փաշինյանի նկարն է: Տակը կարդում է. «Հայ մեծանուն հեղափոխական, բլոգեր և բանաստեղծ»: Կողքին Վլադիմիր Վարդանյանի նկարն է. «Հայ մեծանուն իրավաբան»: Հաջորդը Լուսինե Բադալյանն ու Ալեն Սիմոնյանն են, երկուսի տակ էլ գրած է. «Համաձայնությամբ»: 

Այդ տեսարանից մազերը բիզ-բիզ են կանգնում, բայց մի կերպ իրեն զսպում է ու պահակին հարցնում. «Բա էս նկարների արանքում ինչի՞ է երկու տեղ դատարկ»: «Դե, այդտեղ Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի նկարներն էին, հետո հանեցին, տենց մինչև հիմա տեղները դատարկ է»,- ասում է պահակը:

Բարձրանում է երկրորդ հարկ, ու հանկարծ պատին տեսնում Միքայել Մինասյանի, Միհրան Պողոսյանի, Սերժ Սարգսյանի ու Գևորգ Կոստանյանի նկարները: «Չէ, մարդկություն կա, դեռ հիշում են մեր մեծերին, հալալ է էս դպրոցին»,- ուրախացած ասում է ինքը, մոտենում լուսանկարներին ու դրանց վերևում կարդում. «ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ»

Զայրացած, գժված իջնում է ցած, տեսնում է Արայիկ Հարությունյանը շարունակում է մուտքը ինչ-որ հոգևորականի առջև փակել. «Ես էլ ասում եմ. չեք մտնելու...»: Գլուխը բռնած մտնում է ուսուցչանոց, բոլորը հեռախոսները բռնած, վարչապետի լայվին են հետևում. 

«Մեզ անհրաժեշտ է 68 տոկոս,
Դուք ժողովուրդ եք, այլ ոչ թե՝ Պողոս,
ՍԴ-ի վրա դուրս կգա արևը,
Որ հանցավորները մոռանան բարևը...»
,- արտասանում է Փաշինյանը ու այդ պահին զգում է, որ ուսուցիչների հայացքներն իր վրա են գամված ու նրանցից ինչ-որ ձայներ են գալիս.
«Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ:
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ:
Ես քու հոքիրն, ես քու նանն եմ..
Ես էլ ազիզ բարեկամ»:

Ինքը մի կերպ դուրս է պրծնում ու հետևից լսում. «Բըռնեցե՜ք, փախա՜վ Արմենը խելագար»:

Արթնանում է ԵԺԿ-Ի 6-րդ համագումարում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ