ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է. «Վիկիլիքսյան գաղտնազերծված տվյալների վերջին հրապարակումները բացահայտում էին ամերիկյան կողմի էական ջանքերը Հայաստանում «Մարտի 1-ի» դատավարությունների հարցում։ 2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման, ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։
Մեծ հաշվով, 2008-2010թթ. ամերիկացիներն, ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրել ՀՀ իշխանությունների վրա, նախ և առաջ «Մարտի 1-ի» քրեական գործերով։ Ամերիկյան դիվանագետներին խիստ մտահոգել են այդ դատավարությունները՝ կասկածի տակ դնելով դրանց արդար և վստահելի քննությունը, հանրային ռադիոյի և հեռուստաընկերության միջոցով միայն իշխանամետ կողմնակալ տեղեկատվության տարածումը, «կասկածելի քաղաքական մեղադրանքներով» ձերբակալությունները։
Ամերիկյան դիվանագետները զգալի ջանքեր են գործադրել հատկապես հայտնի «Յոթի գործով» և այլ քրեական գործերով ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու նպատակով՝ հիմնականում համագործակցելով իրենց եվրոպացի գործընկերների հետ»:
«ՉԻ». Քոչարյանական աղբյուրներից սնվող այս տիկնոջը, Գեղամ Նազարյանին, Վահե Հովհաննիսյանին մի բան կարող ենք ասել. որքան էլ Ռ. Քոչարյանին հավատարմության երդում տաք, դրանից ձեր բարոյական էությունը մնալու է նույնը:
Սրանց ցինիզմը հասել է այնտեղ, որ Մարտի 1-ի գործով հարյուրավոր քաղբանտարկյալներին քրեական հանցագործ են համարում, որոնց ազատ են արձակել ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումների արդյունքում: Այսինքն՝ սրանք համարում են, որ մարտի 1-ին իսկապես ընդդիմությունը կազմակերպված զորք է Արցախից բերել ու կրակել ժողովրդի վրա: Սրանք արյան մեջ թաթախված մարդասպանների վարձու փաստաբանների վերածվելով՝ իրենք են արդեն կրակում ժողովրդի վրա:
Սրանք համարում են, որ Քոչարյանի օրոք քաղբանտարկյալների նկատմամբ դատավարությունները միայն ամերիկացի դիվանագետներն են կասկածի տակ դրել:
Չշարունակենք, սրանց մասին Վանո Սիրադեղյանն է դիպուկ գրել. «Անկաշկանդ որոճացեք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք»։