2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ Ռուսաստանի արձագանքը ենթադրում էր, որ այդ երկիրն առնվազն մի փոքր վերանայել է իր քաղաքականությունը նախկին հետխորհրդային երկրներում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Տպավորություն էր, որ հասկացել են, թե ինչ կործանարար հետևանքներ ունի ամեն գնով կոռումպացված, հանցագործ և ժողովրդի կողմից մերժված իշխանություններին աջակցելը: Ուկրաինան պետք է որ ելակետային լիներ այդ առումով:
Բայց Բելառուսում ծավալվող իրադարձությունների նկատմամբ Ռուսաստանի արձագանքը հուշում է, որ վերադառնում ենք ի շրջանս յուր: Նույն կոպիտ, չթաքնված, միայն ուժի վրա հիմնված քաղաքականության կիրառում:
Արդեն մեկ ամիս է, ինչ բելառուսական հասարակությունը ոտքի է ելել, չնայած Լուկաշենկոյի չափազանց անհամաչափ ուժ կիրառելուն՝ շարունակում է հարյուր հազարներով փողոցներ դուրս գալ և պահանջել չընտրված նախագահի հեռացում: Ռուսաստանում տեսնում են, որ ընդդիմությունը չունի ղեկավարություն, հասարակ մարդիկ են դուրս եկել և չեն հաշտվում ընտրությունների կեղծման և Լուկաշենկոյի կողմից իրենց վիրավորելու հանգամանքի հետ: Ռուսաստանում տեսնում են, որ սա գունավոր հեղափոխություն չէ և ուղղորդված չէ Արևմուտքի կողմից: Տեսնում են, որ բելառուսական հասարակությունում չկան հակառուսական տրամադրություններ և այնտեղ չի կարող իշխանության գալ մի ուժ, որը կփոխի երկրի արտաքին քաղաքական վեկտորը: Բայց չնայած այս բոլոր հանգամանքներին՝ Ռուսաստանը և մասնավորապես Պուտինը, հաշվի առնելով սեփական իշխանության պահպանմանն ուղղված մարտահրավերները, ուղիղ աջակցում է Լուկաշենկոյին՝ վտանգելով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, քանի որ բելառուսներն ի վերջո Լուկաշենկոյի իշխանության պահպանման մեջ մեղադրելու են Պուտինին:
Այսինքն՝ Ռուսաստանում պատրաստ են ռազմավարական շահերը, հարևան ժողովուրդների հետ բարեկամական հարաբերությունները զոհաբերել իշխանության այսրոպեական կոնյեկտուրային շահերին:
Եվ սա չափազանց լուրջ ահազանգ է նաև Հայաստանի համար: Նրանք, որոնց վրա Հայաստանում Ռուսաստանը փորձում է հենվել, նույնքան մերժված են, որքան Լուկաշենկոն Բելառուսում:
Միայն տեխնիկական տարբերություններ կան, երբ օժանդակում ես, որ մերժված Լուկաշենկոն մնա իշխանության կամ մերժված քոչարյանները վերադառնան իշխանության:
Հայաստանի համար չափազանց կարևոր և բարենպաստ կլինի, եթե Լուկաշենկոն տապալվի, և Կրեմլում հասկանան, թե որքան անհեռանկարային է մերժվածների վրա խաղադրույք կատարելը: Հակառակ պարագայում, ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում:
Արիս Վաղարշակյան