...

Պուտինի ինչին է պետք Քոչարյանը

Պուտինի ինչին է պետք Քոչարյանը

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ մեզ փորձում են համոզել, թե ՌԴ նախագահ Պուտինը և ամբաստանյալ Քոչարյանն ընկերներ են և դրանով է պայմանավորված այն որոշակի բարոյական աջակցությունը, որը ցուցաբերվում է Քոչարյանին: Մինչդեռ վաղուցվանից հայտնի է, որ քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ, իսկ գեոպոլիտիկ հարաբերություններում դրանք իսպառ բացառվում են:

Բռնակալը, իսկ Ռուսաստանը բռնակալական երկիր է, չի կարող ունենալ ընկերներ: Դա խորթ և վտանգավոր է նրա բնությանը: Անգամ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը իրեն չի կարող համարել Պուտինի ընկերը: Նա Պուտինի մերձավոր շրջապատից է, ծառայում է Պուտինին և կմնա այդ շրջապատում, քանի դա պետք է Պուտինին: Այն օրը, երբ կվերանա դրա անհրաժեշտությունը կամ կստեղծվի իրավիճակ, որ Մեդվեդևին զոհաբերելով՝ Պուտինը ժամանակ կշահի կամ կունենա դիվիդենտներ, Մեդվեդևն անփառունակ կերպով կլքի Պուտինի շրջապատը: 

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջին մեկուկես տարվա որոշակի ճնշումները պայմանավորված չեն Պուտին-Քոչարյան ընկերական կապով:

Ճնշումները, մեր համոզմամբ, կազմված են երկու հիմնական բաղադրիչից:

Առաջին. Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանին մտցնել ՀԱՊԿ և ԵԱՏՄ: Հայաստանը, որպես այդ կազմակերպությունների լիիրավ անդամ, պետք է ստորագրի և համաձայնվի Ադրբեջանի այդ կազմակերպություններին անդամակցելու հետ: Դրա դիմաց Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է ճնշում Հայաստանի վրա Արցախի հարցում: 

Ռուսաստանը ցանկանալով հանդերձ Ադրբեջանի իր օրբիտայում ներգրավվելը, չի ցանկանում այդ երկրին դարձնել տարածաշրջանային հեգեմոն՝ հասկանալով, որ դա բարդություններ է ստեղծելու հետագայում հենց իր համար: Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին ներգրավելու դիմաց տալ մի քանի ազատագրված տարածք: Ադրբեջանն, իր հերթին, չի ցանկանում բավարարվել քչով: Եվ տորգը շարունակվում է: Եվ ահա, այդ ֆոնին, Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Դրանով հստակ ֆիքսվում է, որ միակողմանի զիջումներով մենք պատրաստ չենք սպասարկել Ռուսաստանի շահերը: Եվ պատահական չէ Լավրովի արձագանքը, թե դա կառուցողական հայտարարություն չէ: Քանի որ կխանգարի Ռուսաստանի հետագա աշխարհաքաղաքական «բազարներին»:

Երկրորդ. Ռուսաստանում աճում է դժգոհությունը Պուտինի ռեժիմից: Հեղափոխական տրամադրությունները գնալով աճում են: Հայկական հեղափոխության ձախողումն անհրաժեշտ է Պուտինին ներռուսաստանյան հռետորաբանության համար: Եթե ձախողվի մեր հեղափոխությունը, ապա Պուտինը և նրան սպասարկող լրատվամիջոցներն օր ու գիշեր կխոսեն այդ մասին: Իսկ թե ինչպես կխոսեն, մենք բոլորս լավ գիտենք: Կբերեն մեր օրինակը և կասեն՝ տեսեք, թե ինչ վատ երևույթ է հեղափոխությունը: Մենք Ուկրաինայի օրինակով չխառնվեցինք իրենց ներքաղաքական գործընթացներին, ընդունեցինք Փաշինյանին և հյուր գնացինք, բայց, միևնույն է, ձախողվեցին, քանի որ հեղափոխությունն ինքնին չարիք է:

Քոչարյանը Պուտինին պետք է միայն մեկ բանի համար՝ օգտագործել որպես գործոն Հայաստանի իշխանությունների վրա ազդելու համար: Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը, նրա որպես գործոն օգտագործելու ՕԳԳ-ն ավելի կբարձրացնի: Ուստի, որպես այդ գործոնի չեզոքացման առաջին քայլ՝ պետք է նրան պահել այնտեղ, որտեղ հիմա գտնվում է:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ