«Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ՀՀ կառավարությանն են դիմել՝ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։
Անշուշտ, Շառլ Ազնավուրը համաշխարհային մեծություն է, 20-րդ դարի մեծագույն երգիչներից ու բանաստեղծներից մեկը, որն անսահման նվիրված էր Հայաստանին, բազմիցս օգնության ձեռք է մեկնել հայ ժողովրդին, որոնցից ամենահիշարժանը 1988թ. երկրաշարժից հետո աղետից տուժածների և աղետի գոտու համար կազմակերպած դրամահավաքն էր: Ազգային հերոս, իսկական հայ, հրաշալի մարդ. ժամերով կարելի է Ազնավուրի մասին գրել:
Բայց դրա հետ մեկտեղ Ազնավուրի ֆետիշացման նման եղանակը այնքան էլ հաճելի չէ: Մի բան է, որ նման նախաձեռնությամբ հանդես գար ՀՀ կառավարությունը, հայկական մշակույթի իրապես երևելի դեմքեր, ինչը կնշանակեր, որ Հայաստանում Ազնավուրին մեծարում են, հարգում են, հիշում են, հպարտանում, մեկ այլ բան է, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս Ազնավուրի որդին: Թեկուզ հիմնավորելով, որ նախաձեռնության հեղինակը Ազնավուրի երկրպագուներն են:
Որովհետև միայն Ազնավուրը չէ, որ երկրպագուներ ունի: «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև Քրք Քրքորյանի, Հովհաննես Բաղրամյանի, Նարեկացու, Տիգրան Մեծի, Թաթուլ Կրպեյանի, Արմեն Ջիգարխանյանի և էլի շատ հայ մեծերի ներկայացուցիչները: Ու բոլորի դեպքում էլ կարելի է լուրջ հիմնավորումներ բերել. այս մարդիկ մեծ դեր են ունեցել Հայաստանի և հայ ազգի պատմության մեջ: Բոլորն էլ արժանի են, որ նրանց անունով բազմաթիվ օբյեկտներ, փողոցներ, բնակավայրեր անվանակոչվեն:
Խոստովանենք՝ այնքան էլ սիրուն չէ, որ մեկը դիմում է կառավարությանը, թե ուզում եմ, որ պապայիս անունով ինչ-որ բան անվանակոչվի: Շառլ Ազնավուրի մեծությունն այդպես նսեմացվում է, ստացվում է, որ նրան ոչ թե հայ ժողովուրդն է մեծարում, այլ՝ նրա որդին: Ինչը այդպես չէ:
Նորից ենք կրկնում, Ազնավուրն այն մարդն է, որի անունով կարելի է երկրի կեսն էլ կոչել՝ օդանավակայանից բռնած մինչև ատոմակայան: Բայց նման նախաձեռնությունները պետք է այնպես մատուցվեն, որ նստվածք չտան, արհեստականության նշույլ չզգացվի:
Երևի հիշում եք, մի քանի տարի առաջ այստեղ որոշ ուժեր միկոյանացավ էին կպել, թե բա Անաստաս Միկոյանի արձանը դնենք, հիմնական տոն տվողները իր զավակներն ու թոռներն էին: Չանցավ: Բացի նրանից, որ Անաստաս Միկոյանը արժանի չէր նույնիսկ արձանի, մի հատ էլ թաթախված էր 1930-ականների ստալինյանի ռեպրեսիաների մեջ:
Անկախ նրանից, օդանավակայանը Ազնավուրի անունով կկոչվի, թե ոչ, ֆրանսիահայ շանսոնյեյի մեծությունը և նրա հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվելու: Բայց հաստատ շահարկումների տեղիք է տալու: Հիմա որ մերժեն, ասելու են՝ ամոթ, մերժեցին, չմերժեն, ասելու են՝ ինչո՞ւ չմերժեցիք, դե որ այդպես է, այս, այս ու այս մարդկանց անուններով էլ սա ու սա անվանակոչեք: