...

Բանակում առաջին պաշտոնանկությունները եղան. բայց դա քիչ է

Բանակում առաջին պաշտոնանկությունները եղան. բայց դա քիչ է

Այսօր իրենց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանն ու ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է նրանց ազատման հրամանագրերը:

Սրանք սպասվող պաշտոնանկություններ էին, որին միայն ամենածույլերը չէին անդրադարձել:

Մանավանդ Արթուր Բաղդասարյանի դեպքում սա շատ ավելի շուտ պետք է արվեր: Հերիք չէ, Արթուր Բաղդասարյան է, մի հատ էլ բազմաթիվ կոռուպցիոն և կասկածելի գործունեության մեջ էր մեղադրվում, մամուլում նրա մասին այնքան հրապարակումներ եղան, որ կբավարարեր տասը պաշտոնանկության: 

Այս պաշտոնանկությունները հետևեցին վերջին շաբաթներին բանակում մահվան ելքով տասնյակից ավելի դեպքերին: Ողբերգություններ, որոնք փոթորկեցին հասարակությանը, քննադատության և բողոքի ակցիաների ալիք բարձրացրեցին: Ակնհայտ էր, որ բանակում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, որդեկորույս ծնողները ու նրանց հարազատները կարող էին ծայրահեղ քայլերի դիմել:

Բայց պաշտոնանկությունները ընդամենը անհրաժեշտ քայլերից առաջինն են: Եվ ոչ՝ ամենակարևորը: Պետք է արմատապես վերանայվեն բանակի վերաբերյալ մոտեցումները, իրականացնել բարեփոխումներ, որոնց արդյունքում քրեական բարքերը կվերանան: Ու դա միայն բանակում չպետք է արվի: Որ ասում ենք, քրեական ենթամշակույթ, ուրեմն, դրանք ծնող պատճառները պետք է վերացվեն: Պետք է այդ «գողական» սերիալները արգելվեն, որտեղ հանցագործները որպես դրական կերպար են ներկայացվում, դպրոցում, բուհում, ամենուրեք այնպիսի միջավայր ստեղծել, որ քրեական, գողական մտածելակերպը ընդհանրապես չհանդուրժվի, նման հոգեբանության մարդիկ մերժվեն: «Բլատնոյ» երաժշտության դեմ պայքար տարվի: Սրանց ազդեցության տակ ձևավորված մարդիկ են համալրում բանակը. ընդ որում, ոչ միայն շարքային զինվորները, այլ նաև՝ սպաների մի մասը: Երևի կհիշեք, թե ինչպես տարիներ առաջ մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ սպան զինվորին «կայֆի» համար ապտակում էր: Ինչ աղմուկ բարձրացավ: Այդ մեկը տեսագրվել էր, իսկ որքա՜ն նման դեպքեր կան, որոնց մենք տեղյակ չենք:

Այնպես որ, պաշտոնանկությունները եղան, սպասենք ավելի կարևոր քայլերի, որոնք պետք է փոխեն բանակի դեմքը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2734 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ