Մոզամբիկում Ցեղային Ժողովի ծիսակարգն այսպիսին էր։ Սկզբում Մբունգա Լոխլավա-Տունգայի և Սերժիկի-Կուանակիկիի ռազմիկները հարցեր էին տալիս Քայլա-Քայլա ցեղախմբի վոժդերին, որից հետո ՑԺ նախագահը գլխին ամրացրած ծիսական եղջյուրներով նշան էր անում, ու Քայլա-Քայլա ցեղախմբի ռազմիկները հարձակվում ու ծեծում էին հարց տվողներին։ Իսկ եթե ՑԺ նախագահը Մոզամբիկում չէր լինում՝ նրա փոխարեն դա անում էր Ռուբո-Մունդռուբոն, որին Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան նշանակել էր Զիմբաբվեի հետ բանակցող, որովհետև այնտեղ նրան դժվար թե ուտեին, իսկ եթե ուտեին էլ՝ մոզամբ ժողովուրդը դրանից ոչինչ չէր կորցնի։
Արդեն ծեծի ծիսակարգից հետո գալիս էր ինքը՝ Մեծ վոժդ Նգիկոլոն, նստում զրահապատ գահավորակի վրա ու գունավոր ժապավեններով զարդարված նիզակն օդում ճոճելով՝ սկսում ելույթը․ «մոզամբ ցեղախմբի հպա՛րտ ռազմիկներ․․․»։ Այս խոսքերից հետո խարույկին էր մոտենում «նյամ-նյամ․մզ»-ի սեփականատերը, որի գլխին թվաբանության դասի ժամանակ կոկոս էր ընկել, ու դրանից հետո դարձել էր էկոնոմիկայի վոժդ, գլուխկոնծի էր տալիս ավազի վրա ու գոռում «կատա՛կա, կատա՛կա», որից հետո միայն Մեծ վոժդը շարունակում էր խոսքը․ «Մոզամբիկում բաջանաղապետություն չկա՛»։
Դրանից հետո Նգիկոլոյի՝ ՑԺ-ում նստած ազգականները, աներձագը, քավորը, Մեծ վոժդուհու բարեկամներն ու ընկերները գոռում էին «Նգիկոլո-վո՛ժդ», իսկ նա շարունակում էր․ «Մոզամբիկում կոռուպցիա չկա՛»։ Անմիջապես վազելով մոտենում էին Գռզոզոն ու Լֆիկի-Կուանակիկին, նրա ոտքերի տակ դնում փղոսկրի կապոցներն ու գոռում «Նգիկոլո-վո՛ժդ»։ Նգիկոլոն շարունակում էր․ «Մոզամբիկում օրենքի առջև բոլորը հավասա՛ր են», որից հետո ոստիկանապետը պարտավոր էր առաջ գալ, իջեցնել շալվարը, ցույց տալ կապտուկը, որն առաջացել էր շարքային ոստիկանների հարվածներից, ու գոռալ «Պապատուհասա-վո՛ժդ»։
Իսկ եթե այդքանը բավարար չափով չէր զվարճացնում մոզամբ ժողովրդի հպարտ ռազմիկներին՝ Դոդո-Մգագոն պարտավոր էր առաջ գալ և ասել, որ պատրաստ է Մոզամբ աշխարհի բարձունքում կանգնեցնել Բենամուկի արձանը, որից հետո Աղազա-Ղազան պիտի պառկեր ավազին, ոտքերն օդում ճոճեր ու գոռար, որ իր ճանաչած միակ Բենամուկը հենց հիմա գահավորակին նստած է։ Դրանից հետո բոլորը պարտավոր էին խոնարհվել մինչև գետինը ու գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ», իսկ ովքեր չէին գոռում՝ համարվում էին չպատվաստված և տուգանվում։