...

Ժողովրդին սիրելու ծիսակարգը Մոզամբիկում

Ժողովրդին սիրելու ծիսակարգը Մոզամբիկում

Աֆրիկայում ժողովրդավարության բաստիոն հռչակվելուց հետո Մոզամբիկի մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան մի քանի նոր ծիսակարգեր էր մշակել, որոնք պիտի խթանեին զբոսաշրջությունը և միաժամանակ ամրապնդեին մոզամբ ժողովրդի միասնությունը։ 

Առաջին ծիսակարգը հետևյալն էր։ Քայլա-Քայլա ցեղախմբի վոժդերը ժողով էին անում և որոշում, որ բոլոր մոզամբիկցիները պիտի իրենց ունեցվածքով ներկայանան Մեծ վոժդ Նգիկոլոյին, որից հետո նա պիտի հերթով մոտենար բոլորին և զններ նրանց ունեցվածքը։ Ու հենց որ վոժդը ձեռքերը երկինք պարզեր ու գոռար «օ Բենամուկի, թալա՛նա», ռազմիկները պիտի վազելով մոտենային ու պողպատե մանդատներով մի քանի անգամ խփեին այդ մոզամբիկցու գլխին, իսկ ունեցած-չունեցածը լցնեին վոժդի պատգարակի առաջ։ Դրանից հետո պիտի մեծ հանդիսավորությամբ մոտենար Նգիկոլոյի եղբայր Նորսաշիկի-Կուանակիկին ու ձեռքերը տարածելով՝ փռվեր այդ կույտի վրա, իսկ հանդիսատեսները պիտի գոռային «տնօրե՛նա»։

Բայց սպիտակ պլանտատորներին ու զբոսաշրջիկներին, չգիտես ինչու, ավելի շատ դուր էր գալիս մյուս ծիսակարգը։ Մոզամբիկի ամենահին ու պատմամշակութային արժեք ներկայացնող բաոբաբի տակ մերկ տղամարդն ու կինը ներկայացում էին բեմադրում, որը զբոսաշրջիկները մեծ ոգևորությամբ տեսագրում էին՝ առանց հասկանալու, որ դա ընդամենը խորհրդանշական գործողություն է և ցույց է տալիս Նգիկոլո Պապատուհասայի և մոզամբ ժողովրդի հարաբերությունները։ Իսկ եթե ընդդիմադիր վոժդերից որևէ մեկը փորձում էր մոտենալ և Նգիկոլո Պապատուհասայի դերակատարին քշելով՝ մի քիչ էլ ինքը ցուցադրել իր վերաբերմունքն ու խորին սերը մոզամբ ժողովրդի հանդեպ, ռազմիկներն անմիջապես մոտենում էին, նրան հայտարարում «անցանկալի տանձ» և արտաքսում Մոզամբիկից։

Ծիսակարգի ավարտին Գռզոզոյի և Լֆիկի-Կուանակիկիի ռազմիկները մոտենում էին ու հանդիսատեսներից փող հավաքում ներկայացումը դիտելու համար, իսկ զբոսաշրջիկները, չգիտես ինչու, այդ տեսարանը համարում էին ներկայացման շարունակությունը և գոռում «բաստիո՛նա»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   95904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ