...

Դաշնակները քսան տարի մրոտների հետ կոալիցիա են կազմել

Դաշնակները քսան տարի մրոտների հետ կոալիցիա են կազմել

Հասարակական-քաղաքական շրջանակներում Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբի համաժողովը լայն քննարկման առարկա է դարձել՝ սկսած ակումբի անվանումից մինչև մասնակիցների արտահայտած մտքերը։ Ժողովի մասնակիցները  հիմնականում Քոչարյանի աջակիցներն էին և մի նպատակ ունեին՝ ինչքան հնարավոր է վարկաբեկել իշխանություններին։ Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ իշխանություններին քննադատելու առիթներ չկան, և իշխանություններին քննադատել չի կարելի։ Առիթներ կան, այն էլ շատ: Խնդիրն այն է, թե ով իրավունք ունի քննադատելու։ 

Այս առումով առավել ուշագրավ էր անցած քսան տարիների երկրի ավերածությունները (որի մասնակիցն են եղել նաև իրենք) մոռացած նախկին պատգամավոր դաշնակ Արմեն Ռուստամյանի քննադատությունը. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով: Սա երկար չի կարող տևել: Ահազանգը պետք է հնչեցվի: Սա հո իրենց հոր բոստանը չէ, այլ բոլոր սերունդների նվաճած հայրենիքը: Մրից ելանք, մրջուրն ընկանք. այն ժամանակ ասում էին՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», իսկ հիմա՝ ով քանի կիլոմետր քայլել է, ըստ այդմ պետք է պաշտոն ստանա»։

Չնայած, առանձնապես բան էլ չկա հասկանալու, բայց փորձենք։ Քսան տարի երկիրը քարուքանդ արած իշխանության մաս կազմած դաշնակները, որոնք իրավունք չունեն ոչ միայն ներկա իշխանություններին քննադատելու, այլև հաջորդներին նույնպես և այսպես շարունակ, ինչը պարզ է ցանկացած ՀՀ քաղաքացու, ներկա իշխանություններին մեղադրում են, որ ով մի քանի կիլոմետր քայլել է՝ պաշտոն է ստացել՝ մոռանալով, որ իրենք Քոչարյանի նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո նույնիսկ մի քանի մետր չեն քայլել, նստած են եղել և իրավիճակի փոփոխության պատճառաբանությամբ դուրս են եկել բանտից ու պաշտոն ստացել։ Իսկ նրանք, ովքեր միայն քայլելով են եկել իշխանության, գոնե քրեական անցյալ չունեն։ 

Չգիտես ինչու Արմեն Ռուստամյանը չի հիշում, թե իրենք որտեղից են եկել իշխանության, բայց դե հասարակությունը լավ է հիշում։ Իհարկե, դաշնակները չեն կարող մոռանալ ՀՀՇ-ին. ՀՀՇ-ի իշխանության տարիներին էր, որ բացահայտվեց «Դրո» կառույցը, և իրենք էլ հայտնվեցին համապատասխան վայրերում։ Այն, որ քսան տարի երկիրը ինչպես ուզեցին վարեցին ու ցանեցին, դաշնակների համար դա սեփական բոստան չէր և չէին հիշում, որ բոլոր սերունդների նվաճած հայրենիքն է, իսկ հիմա, երբ կերակրատաշտից հեռու են, երկիրը իշխանությունների սեփական բոստան են անվանում։ 

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դաշնակները մրից մրջուրն են ընկել, այ սա արդեն իսկական դաշնակցական անհասկանալի մտածելակերպ է։ Քսան տարի է ՀՀՇ-ն իշխանություն չունի։ Իրենք քսան տարի մաս են կազմել իշխանություններին, օգտվել են բոլոր բարիքներից և համարում են, որ մուր է եղել։ Փաստորեն դաշնակները քսան տարի մրոտների հետ կոալիցիա են կազմել։ Անհասկանալի է։ Իսկ որ իրենց համար հիմա մրջուր է, դա մի քիչ հասկանալի է. կերակրատաշտից հեռու են։ 

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դաշնակ Ռուստամյանին թվում է, թե երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով, սա նույնպես դաշնակցական մտածելակերպ է։ Եթե նույնիսկ այդպես է, ապա դա դաշնակների համար նորություն պիտի չլինի, քսան տարի իրենք դրան են սովոր եղել։ Ձեր կուսակից ընկերոջը, որին Քոչարյանի կուկուները ծեծելով սպանեցին և պատիժ չկրեցին, քանի՞ մարդու քմահաճույք էր մարդասպաններին անպատիժ թողնելը: 

Իսկ ինչ վերաբերվում է երկրի ծրագրերով զարգանալուն, ապա միայն կրթության ոլորտի ծրագրերի խայտառակ ձախողումներն իրենց Լևոն Մկրտչյանի չորս անգամ նախարար եղած տարիներին բավարար է, որ դաշնակները մոռանան ծրագիր բառը, և մի փոքր էլ իրենց նեղություն տան ու կարդան կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի «ՀՀ-ում 1998-2016թթ. Կրթության բարեփոխումների նպատակով ներդրված վարկային գումարներն ու դրանց արդյունավետության վերլուծություն» հոդվածը (Առավոտ․am 12.10.2016թ)։ Ամուլսարը նույնպես ստորագրվել է դաշնակ նախարարի ժամանակ։ Իսկ ինչ վերաբերվում է Ստամբուլյան կոնվենցիային, որ ոչնչից մեծ աղմուկ են ստեղծում, ապա իրենց իշխանության ժամանակ է ստորագրվել։ Իսկ դաշնակցական ահազանգերից պետք է զգույշ լինել։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ