«Ասում են, բա մարտի 1-ին Վեհափառը որտե՞ղ էր, բայց նույնիսկ Երկրորդ նախագահը դատարանում վկայեց, որ, երբ իրավիճակը հասել էր վտանգավորի շեմին, Վեհափառը զանգահարել է իրեն և խաղաղարարական միջնորդության առաջարկ արել, որին համաձայնել է Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել, որ Վեհափառը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտից հետ է վերադարձել, քանի որ նրան չեն ընդունել: Որևէ մեկս չենք ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց երբ պարետը հաղորդագրություն է ուղարկում և ասում՝ Հարության տոնին եկեղեցի մի այցելեք, հիմա եկեղեցին նա կապո՞ւմ է քաղաքականության հետ, թե՞ ոչ, իհարկե կապում է, արտակարգ իրավիճակի անմիջական կրողը մենք ենք»,- այսպիսի և այլ հետաքրքրաշարժ մտքեր է արտահայտել Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը 168.am-ի հետ զրույցում:
«ՉԻ». Մարտի 1-ի և դրան նախորդած իրադարձությունների ընթացքում Գարեգին Բ-ի դերակատարմանը եկեղեցին ճիշտ կանի ընդհանրապես չանրադառնա, որովհետև, օրինակ շատերը կվերհիշեն, թե ինչ ապօրինությունների ու ընտրակեղծարարությունների մեջ էին ներգրավված կաթողիկոսի հարազատները՝ մասնավորապես Արմավիրի մարզում: Հենց նմանների պատճառով հնարավոր եղավ Մարտի 1-ի ոճրագործությունը:
Օրեր շարունակ իշխանությունները ապօրինություններ էին անում, հանիրավի կալանավորում մարդկանց, ահաբեկում և ծեծում, բայց կաթողիկոսի ձայնը չլսվեց: Կամ ի՞նչ է նշանակում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց: Ինչ է, եթե չընդունեց, կաթողիկոսը պետք է նեղանար և այլևս ծպտուն չհանե՞ր: Նման վարքագիծը հաստատ որևէ աղերս չունի քրիստոնեական ուսմունքի հետ: Հատկապես այն պարագայում, որ Մարտի 1-ից հետո ապօրինություններն էլ ավելի աճեցին: Իշխանությունները դարձան ավելի սանձարձակ, և կալանավորվածները ենթարկվում էին դաժան ծեծի:
Մարտի 1-ը նաև խարան է բարձրաստիճան հոգևորականների համար, որ դժվարին պահին լքեցին իրենց հոտը և իրենց լռությամբ, ըստ էության, քաջալերեցին Քոչարյանին և մյուսներին շարունակելու հանցագործությունները:
Իսկ պարետի մասով մտքերը ընդհանրապես զավեշտի ժանրից են: Նույն պարետը նաև արգելում է վարսավիրանոցներ այցելել: Ինչ, արդեն վարսավիրանոցնե՞րն էլ են քաղաքականության մեջ: Այս դեպքի համար է հայտնի անեկդոտը. «Խորհրդարանի հավաքարարին ասում են՝ ինչո՞ւ չես փոխում աշխատավայրդ և ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնում: Պատասխանում է՝ ինչ է, մի երկու կոպեկի համար դո՞ւրս գամ քաղաքականությունից»: