...

Երկխոսության ու մուննաթի միջև

Երկխոսության ու մուննաթի միջև

Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ արցախյան երկրորդ պատերազմում գրեթե ամբողջ աշխարհը մեր դեմ էր։ Կարելի է, իհարկե, անընդհատ բողոքել «հայի բախտից», տրտնջալ, թե «հո զոռով չի՞, հայերին չեն սիրում» ու նույնիսկ մազոխիստական հաճույք ստանալ դրանից, բայց իրական պատճառները հասկանալն այնուամենայնիվ չէր խանգարի։

Ըստ երևույթին հիմնական պատճառն այն է, որ մենք չտեսնված համառությամբ հրաժարվում ենք աշխարհի հետ խոսել աշխարհի համար հասկանալի լեզվով։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ երկար տարիներ մեր հանրային գիտակցության մեջ արմատավորվում էր «ուժն է ծնում իրավունք» գաղափարը, ու որևէ մեկին չէր մտահոգում, որ եթե դա ընդունում ես որպես բացարձակ ճշմարտություն՝ ուրեմն ընդունում ես նաև, որ եթե վաղը մեկը քեզանից ուժեղ գտնվի, իրավունք կունենա ոչնչացնել քեզ, և դա կլինի միանգամայն արդարացի։ Աշխարհն էլ նայում ու չէր հասկանում, թե ինչու է տարածաշրջանի՝ բոլոր առումներով ամենափոքր ու խոցելի երկիրը փառաբանում ուժի իրավունքը, թեև ավելի տրամաբանական կլիներ փառաբանել միջազգային նորմերն ու առաջնորդվել դրանցով։ Ընդ որում՝ այնպես չէ, որ աշխարհը չէր ցանկանում խոսել մեզ հետ։ Ցանկանում էր ու հիմա էլ է ցանկանում։

Երբ մենք աշխարհի հետ խոսում էինք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ աշխարհը հասկանում էր դա։ Երբ մենք խոսում էինք Արցախի և Հայաստանի միջև հուսալի ցամաքային կապի մասին՝ աշխարհը դա նույնպես հասկանում էր։ Այսինքն՝ այդ մասով մենք աշխարհի հետ նույն լեզվով էինք խոսում։ Բայց երբ մենք ասում էինք, որ չենք պատրաստվում ոչ մի թիզ հող զիջել, որովհետև Ջեբրայիլն, օրինակ, մեր պատմական հայրենիքն է, մենք աշխարհի համար անհասկանալի լեզվով էինք խոսում։ Այդ մասով արդեն Ադրբեջանն էր աշխարհին հասկանալի լեզվով խոսում, որովհետև պահանջում էր վերադարձնել իր օկուպացված տարածքները։ Ու սա էր պատճառը, որ առաջին պատերազմում այդ տարածքները մեր վերահսկողության տակ անցնելու արձագանքը ՄԱԿ-ի բանաձևերն էին լինում, իսկ երկրորդ պատերազմում այդ նույն տարածքները գրավելու համար բոլորը հերթով շնորհավորում էին Ադրբեջանին։ Կարելի է, իհարկե, ձևացնել, թե պատճառը նավթադոլարներն էին կամ «խավիարային դիվանագիտությունը», բայց դա ընդամենը գայթակղիչ ինքնախաբեություն է։

Ուրիշ հարց էլ կա։ Երկար տարիներ ամբողջ աշխարհը խոսում էր ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին, Ադրբեջանը՝ նույնպես։ Այսինքն՝ աշխարհն ու Ադրբեջանը նույն լեզվով էին խոսում։ Ընդ որում՝ խոսում էին մեր դեմ, որովհետև մենք ըստ էության ստատուս-քվոյի պահպանումը հռչակել էինք գերնպատակ։ Ու հիմա արժե՞ արդյոք զարմանալ, որ ստատուս-քվոյի փոփոխության հարցում աշխարհն Ադրբեջանի կողքին էր։ Իսկ ինչ է, որևէ մեկը երբևէ հակառա՞կն էր խոստացել։

Ցավալին այն է, որ Հայաստանը հիմա էլ է աշխարհի հետ խոսում նրա համար անհասկանալի լեզվով։ Մենք 30 տարի բողոքում էինք, որ գտնվում ենք գրեթե լիակատար շրջափակման մեջ, իսկ հիմա աշխարհով մեկ աղմուկ ենք բարձրացրել, թե հասեք-փրկեք, մեկ էլ տեսար սահմանները բացվեցին, Հայաստանի անվտանգության շատից-քչից առարկայական երաշխիքը մեր սահմանների միջազգայնորեն ընդունված լինելն է, բայց մենք այդ սահմանների ճանաչումը համարյա դավաճանություն ենք համարում ու օրումեջ թուրքական դրոշ վառում․․․ Հասկանալի է, որ նոր իրողություններն իրենց մեջ իսկապես լրջագույն ռիսկեր ու վտանգներ են պարունակում, հասկանալի է նաև որ Հայաստանի այսօրվա մանկամիտ իշխանություններն ի վիճակի չեն ոչ միայն դիմակայել դրանց, այլև նույնիսկ գիտակցել դրանց առկայությունը, բայց սրանք, համաձայնվեք, մե՛ր խնդիրներն են, և ոչ թե աշխարհի։ Ու այդ խնդիրների առկայությունը մեզ իրավունք չի տալիս հաշվի չնստել աշխարհում ընդունված խաղի կանոնների հետ։

Մենք պիտի սովորենք աշխարհի հետ խոսել աշխարհի համար հասկանալի լեզվով, եթե անգամ գիտենք, որ այդ խոսակցությունը մեզ համար հաճելի չի լինելու։ Որովհետև այլընտրանքը հերթական անգամ վակուումում հայտնվելն է ու «հայի բախտից» տրտնջալը։

Արմեն Բաղդասարյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ