...

«Ղուշ-գիր» ենք խաղում

«Ղուշ-գիր» ենք խաղում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է համավարակով պայմանավորված երկրում կիրառվող սահմանափակումների նոր որոշման մասին:

Վերաբացվել են՝
-    Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
-    Բուհական կրթությունը. սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
-    Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
-    Գրադարանները
-    Թանգարանները

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
-    Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
-    Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
-    Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ հակահամաճարակային նոր կանոններ սահմանելիս պարետը առաջնորդվել է «ղուշ-գիր» սկզբունքով: Օրինակ՝ հին կանոններով թույլատրվում էր, որ սեղանի շուրջ 5 անձ նստեր, հիմա՝ 8 անձ:

Թե ինչու 8, որովհետև «ղուշ-գիր» են գցել, 8-ի վրա է ընկել: Ուրիշ տրամաբանական բացատրություն չկա: Մանավանդ, որ 5 անձի դեպքում կանոնները չէին գործում, 8 անձի դեպքում էլ չեն գործելու: 

Կամ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու 1-ին կուրսի ուսանողները պետք է գնան դասերի, իսկ մնացածները՝ հիբրիդային: Այսինքն՝ կամ կգնան, կամ էլ՝ չեն գնա: Այսինքն՝ 1-ին կուրսի ուսանողները վարակվելու կամ վարակելու պրոբլեմ չունեն, իսկ ավելի բարձր կուրսի ուսանողները՝ վարակ տարածելու օջախ են: 

Քանի՞ ամիս է, ինչ գործում են սահմանափակումները: Շուտով կես տարի կլինի: Այդ ընթացքում բազմաթիվ սահմանափակող կանոններ են սահմանվել: Ու այդպես էլ այդ կանոններում ոչ մի տրամաբանություն չգտանք: Կիսատ-պռատ սահմանափակումներ չեն լինում: Ինչպես կիսահղի մարդ չի լինում: 

Մեկ էլ, մեզ հետաքրքիր է, բա մինչև այս սահմանափակումները վերացնելը հեռուստահաղորդումների ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները ո՞նց են աշխատել դիմակներով:

Սուրդոթարգամանության ժամանակ նրանք խոսում են, և լսողական խնդիրներ ունեցողները նրանց շուրթերով են ընթերցում լուրերը: Եթե շուրթերը փակ են եղել դիմակով, ապա ո՞ւմ համար են սուրդոթարգմանիչներն աշխատել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ