Բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը, որը 2 ամիս առաջ հայտարարեց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, քանի որ իրեն օդանավակայանում լավ չէին դիմավորել, իսկ հետո հայտնեց, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ պայմանագիր է կնքել և գնալու է Կանադա, մտափոխվել է:
Պատճառն այն է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իր տարկետումը դադարեցնելու մասին նախագիծը, որից հետո բռնցքամարտիկը չեղարկել է Eye of the Tiger Management-ի հետ պայմանագիրը, հայտնել, որ չի մասնակցելու հունիսի 1-ին կայանալիք մրցումներին և գրել. «Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին»:
«ՉԻ». Մի հատ հին չեխական, թե լեհական ֆիլմ կա, որտեղ լողորդների հավաքականի մարզիչ են նշանակում նախկին հայտնի բռնցքամարտիկի: Սա առաջին մարզման ժամանակ հավաքում է բոլոր լողորդներին ու ասում. «Ով մրցումների ժամանակ վերջին տեղ գրավի, գլուխը ջարդելու եմ»:
Դրանից հետո լողորդները մրցումներում սկսում են ամենաբարձր տեղերը գրավել:
Հիմա որպեսզի մեր հայ մարզիկները միջազգային հարթակներում, խոշոր մրցաշարերում բարձր տեղեր գրավեն, ընդամենը պետք է մի բան անել. հիշեցնել, որ իրենք տարկետման մեջ են և ամեն պահի կարող են բանակում ծառայել:
Դրանից հետո մեր մարզիկները այնպիսի եռանդով կսկսեն օգուտ բերել մեր ազգին ու պետությանը, այնպիսի կրքոտությամբ կտապալեն, կհաղթեն իրենց մրցակիցներին, էլ դու սուս: Հաղթանակների այս նոր մեթոդը պետք է պարբերաբար կիրառել և, իհարկե, մրցակիցներից թաքուն պահել: