Նախընտրական «ասֆալտին փռելու նոպային» փոխարինած հետընտրական «համերաշխության նոպան» կարծես թե նույնպես ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի քանի «առողջ ուժերի» հետ (պետք է ենթադրել՝ «առողջ» էր համարում այն ուժերին, որոնք համաձայնվեցին հանդիպել իր հետ), ֆոտոսեսիաներ արեց, ու դրանով էլ հարցը փակվեց։ Համենայն դեպս՝ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե կոնկրետ ինչի շուրջ պիտի լիներ համերաշխությունը։ Հիմքեր չկան պնդելու, թե Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում համատեղ ուժերով լծվել իր նախընտրական ծրագրերի իրականացմանը, որովհետև հազիվ թե կարելի է մուրճով բոլորի գլուխը ջարդելը, ինքնակամ ասֆալտին ծեփվելն ու բուհերի շենքերը վաճառելը նախընտրական ծրագիր անվանել, իսկ ուրիշ կոնկրետ բան նա չէր էլ ասում, մնացածը գավառական նշանդրեքի թամադայի կենացներ էին։
Խնդիրն, իհարկե, ֆոտոսեսիայի մասնակցած այդ հույժ քաղաքական այրերի հետ համագործակցությունը չէ։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ չի համագործակցում, ուր մնաց՝ նրանց հետ համագործակցի։ Խնդիրն այն է, որ առ այսօր գոնե մոտավորապես հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել նա առաջիկայում, իսկ քանի որ անելիքը հայտնի չէ՝ համագործակցությունն էլ, համերաշխությունն էլ դատարկ բառեր են։ Որևէ մեկն, օրինակ, կարո՞ղ է ասել, թե ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արցախի ապագան, պատրաստվո՞ւմ է արդյոք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, թե ոչ, եթե պատրաստվում է՝ ի՞նչ են իրենից (մեզանից) պահանջում Ադրբեջանն ու Թուրքիան, ո՞րն է այն կարմիր գիծը, որը նա ոչ մի դեպքում չի հատի, ի՞նչ է լինելու համառելու դեպքում, ինչպե՞ս է պատկերացնում, ասենք, հայ-ռուսական հարաբերությունները, և այլն։ Լավ, ենթադրենք՝ նախընտրական ղժղժոցով նա կարողացավ խուսափել այս հարցերից, բայց ընտրություններն անցյալում են, իսկ հարցերը մնում են։
Չէ, հասկանալի է, որ եթե նա մինչև ընտրությունները անկեղծորեն պատասխաներ այս հարցերին և պատմեր, թե ինչ նոր փորձանքներ է պատրաստվում բերել Հայաստանի գլխին, ընտրությունները բոլորովին այլ ելք կունենային։ Դրա համար էլ մինչև ընտրությունները ձայն չի հանել։ Բայց հիմա ստիպված է, չէ՞, գոնե «առողջ ուժերին» բացատրել, թե ինչ է պատրաստվում անել (անցանկալի համայնքապետերին ծեծելուց բացի)։ Թե՞ էլի հայտարարելու է , թե ինչ պետք է՝ այն էլ բանակցում է, դա որևէ մեկի գործը չի, ու քանի որ լսողների համար շահեկան պոզաներն ավելի կարևոր են՝ որևէ մեկը ծպտուն չի հանելու։
Նիկոլ Փաշինյանին մոտիկից ճանաչողները ոչ առանց հիմքերի ենթադրում են, որ ընտրություններից հետո նա իր համար նոր առաքելություն է հորինելու և հիմա էլ Մովսեսի կերպարի մեջ է մտնելու, որն իր ժողովրդին ազատեց գերությունից և 40 տարի դեգերեց անապատներում։ Նախանշաններն արդեն երևում են՝ «մենք հիմա դժոխքի ճանապարհով ենք անցնում», բայց «ապագա կա»։ Դե արի ու այդ մարդուն բացատրիր, որ մենք դժոխքի ճանապարհով արդեն անցել էինք, երբ երկրաշարժից ավերված ու շրջափակումից կիսամեռ վիճակում գերմարդկային ջանքերի գնով կարողացանք հաղթել մեզ պարտադրված պատերազմում ու հասնել ապագային, որովհետև ձեռք էինք բերել կայացած ինքնիշխան պետականություն։ Բայց՝ չէ։ Պետք էր ևս մեկ անգամ գնալ դժոխքի ճանապարհով, կորցնել ամեն ինչ, մեղադրել նախկիններին, իսկ հետո այնպիսի ընտրություններ կազմակերպել, որ իրենից ու այդ նույն նախկիններից բացի որևէ մեկը խորհրդարան չմտնի։ Եվ իհարկե՝ աջուձախ բոլորին սպառնալ պողպատե մանդատով։
Ի դեպ՝ պողպատե մանդատի մասին։ Համայնքապետերից մեկին ծեծել են, որովհետև ընտրությունների ժամանակ նա աջակցել է կոնկրետ քաղաքական ուժի, իսկ մեկ այլ համայնքի (Երևանի) ղեկավարին հրապարակավ «ծեծում են», որովհետև նա, հակառակը, չի աջակցել կոնկրետ քաղաքական ուժի։ «Կարգին հաղորդումը» գլուխը պատովն է տվել, բայց սա արդեն այլ պատմություն է։
Մարկ Նշանյան