...

Հազիվ գտան բանակում սպանությունների իրական մեղավորներին

Հազիվ գտան բանակում սպանությունների իրական մեղավորներին

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել է, որ որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահները. «Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»:

«ՉԻ». Մենք Բալայանին միանգամից հարց տանք. ինքը գիտի՞, թե բանակում վերջին 20-25 տարում խաղաղ պայմաններում քանի զինվոր է մահացել: Առնվազն մի քանի հարյուր: Իսկ կարո՞ղ է ասել, թե բանակում զինվորներից քանիսն են սպանվել, հաշմանդամ դարձել, խոշտանգվել իրավապաշտպանների կողմից: Գիտի՞, թե իրավապաշտպանները քանի զինվորի են ինքնասպանության հասցրել: Մենք հաստատ կարող ենք ասել. ոչ մի: 

Միայն այս տարի արդեն 13 զոհ ենք ունեցել, եթե ճիշտ ենք հիշում: Իրավապաշտպանների մեղքը այս դեպքերում ո՞րն է եղել: Կամ էլ, իրավապահները լուրջ-լուրջ զբաղվեցին իրավապաշտպաններով, բոլորին բռնեցին, բանտ նետեցին, դրանից բանակում զոհերի թիվը կրճատվելո՞ւ է, «դեդովշչինան» վերանալո՞ւ է: 

Այսինքն, ի՞նչ դրական փոփոխություններ կկատարվեն բանակում, եթե իրավապաշտպանները չլինեն: Մենք հո գիտենք, թե ինչ կլինի. սպանությունները կշարունակեն ինքնասպանություն որակվել, ծանր հանցագործությունները կշարունակվեն կոծկվել, կամ դրանք մեջք ու թիկունք չունեցող զինվորների գլխին կբարդեք, «դեդովշչինան», արտոնյալ զորամասերը կշարունակեն մնալ: Սաղ «ցենտր» կլիներ, բայց էդ իրավապաշտպանները համը հանում են, բանակում տեղի ունեցող հանցագործությունների, սպանությունների մասին են գրում, զոհված զինվորների հարազատներին իրավական օգնություն են ցույց տալիս: Իհարկե, պետք է նրանցով զբաղվել: Չեն թողնում, որ բանակի հոռի բարքերի վրա փող աշխատողները հանգիստ քնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ