Ընդդիմությունը, իսկ եթե ավելի ճիշտ բնորոշենք՝ Քոչարյանի անվան գրոհային ընդդիմությունը, որոշել է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչու ենք նշում՝ Քոչարյանի անվան, որովհետև ՀՀԿ-ն երեկ հրավիրված խորհրդակցության ժամանակ հրաժարվել է ստորագրել հայտարարության տեքստ, որով 20 կուսակցությունների անունից կպահանջեին վարչապետի հրաժարականը:
Իհարկե, ՀՀԿ-ից բացի էլի են եղել կուսակցություններ, որոնք դեռ չեն շտապում:
Բայց նրանք ոչ թե դեմ են այս կրիտիկական պահին իշխանափոխություն անելուն, այլ պարզապես ժողովրդական խոսքով ասած՝ «ոտները կախ են գցում», որպեսզի տեսնեն, թե ինչով է ավարտվելու Շուշիի ճակատամարտը: Եթե աստված մի արասցե, Շուշին ընկնի, իրենց ծրագրերը կյանքի կոչվելու ավելի մեծ հավակնություններ կունենան: Կարճ ասած՝ ոչ թե դեմ են խարդավանքներին, այլ պարզապես ցանկանում են այն իրականացնել ավելի նպաստավոր պայմաններում:
Երեկ հերթական անգամ ԱԱԾ պետ փոխվեց: Նոր պետը, բացի թշնամու գործակալներին բացահայտելու և ձերբակալելու առաքելությունից, պետք է ոչ պակաս կարևոր առաջադրանք ունենա: Այն է՝ բացահայտել և չեզոքացնել բոլոր այն տարրերին և խմբերին, որոնք թիկունքում, քաղաքական գործունեության շղարշի տակ խռովություններ են պատրաստում: Նրանց բացահայտումը ոչ պակաս կարևոր է պատերազմի ընթացքի և ելքի համար, քան ադրբեջանցի լրտեսների վնասազերծումը:
Այդպիսի խմբերի և տարրերի գործունեությունը չկանխելը հղի է վտանգներով բանակի կառավարման համատեքստում: ԱԱԾ-ն նաև պետք է հստակ հասկանա, թե այդ խմբերը արդյոք չեն հասել բանակի համար որոշ հանգուցային կետերի, իրենց գաղափարներով և ծրագրերով չեն վարակել ռազմական գործի որևէ կազմակերպչի:
ԱԱԾ նոր ղեկավարը դա պետք է անի շատ արագ, որպեսզի Դաշնակցությունը և մյուս ուժերը չհասցնեն վնաս հասցնել և միայն պոստֆակտում արձանագրվի փաստը: Կանխարգելիչ հարվածներ են անհրաժեշտ:
Հայրենական պատերազմ է, գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի կամ տան անդամ, կամ էլ առնվազն հարազատ, որը գտնվում է գործող բանակում: Այնպես որ՝ հասարակությունն էլ իր արձագանքով պետք է հստակ մեսիջ ուղարկի խռովարարներին առ այն, որ թույլ չի տա հեղաշրջում: Անկախ նրանից, թե ինչպես կփորձեն դա հրամցնել և փաթեթավորել:
Արիս Վաղարշակյան