«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական ակտիվ պայքարի մեջ է լինելու Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա, հնարավոր է, համագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ ու նրա ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվի:
«Քանի դեռ ընտրությունների օրը հայտնի չէ, որևէ հստակ բան չեմ կարող ասել, քննարկումների մեջ ենք: Բայց, այո, պարոն Քոքոբելյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ենք, ու չեմ բացառում, որ «Ազատ դեմոկրատների» հետ կարող եմ համագործակցել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ասլանյանը՝ հավելելով։ -Գործող քաղաքապետ եմ ու, ինչպես ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, ես էլ իրավունք ունեմ ու պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին»:
«ՉԻ». Քե՞զ ինչ եղավ, ա՛յ բալամ: 2016 թվականին մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ նշում էիր, որ երախտապարտ ես Հանրապետականի ցուցակը գլխավորելու համար, հիմա ընկել ես արդարադատության նախարարության կուսակցությունների ռեգիստրի ջանին ու փորձում ես կուսակցություն պեղել: Պեղելուց էլ այնպիսի բան ես պեղել, որ հնագետներն անգամ չէին կարող գտնել:
Ընդամենը երկու ամիս առաջ մեծ ջանասիրությամբ աշխատում էիր ՊՈՒ դաշինքի օգտին. այդ ի՞նչ սև կատու անցավ, որ հիմա չես ցանկանում այդ դաշինքի ցուցակով առաջադրվել:
Ընտրությունն էլ կանգնել է մի կուսակցության վրա, որտեղ Քոքոբելյանից բացի մնացել են երևի նրա վարորդը, վարսավիրը և նրան պատկանող ՀԵԿ-ի մի քանի աշխատող:
Չկար-չկար, Բալասանյանի օրինակին հետևեիր, «Ասլանյան» դաշինք ստեղծեիր, հինգ տարի քո անձնուրաց աշխատանքը ներկայացնեիր ու պարտության մատնեիր Երևանի կուսակցություններին:
Բայց Ասլանյանը շատ ավելի խելացի կվարվեր, եթե թարգեր քաղաքականությամբ զբաղվելն ու վերադառնար իրեն մեծ հարստություն ապահոված նոտարի գործին: