...

Հիստերիկ պոպուլիզմ

Հիստերիկ պոպուլիզմ

Վարչապետ Փաշինյանի քարոզչական խումբը երկու օր առաջ Քաջարանում էր։ Փաշինյանը բացատրել է Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը, թե ինչպես են Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանն օկուպացրել Սահմանադրական դատարանը,  ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրել է Սերժ Սարգսյանից, այնպես էլ ապրիլի 5-ին պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից։ 

Ինչ-ինչ, բայց Նիկոլ Փաշինյանի մոտ հրաշալի է ստացվում ժողովրդին ոգևորելը, երբ հայտարարում է, որ ամեն ինչ որոշողը ժողովուրդն է, բայց դե ղեկավարման երկու տարիները եկան ու ապացուցեցին, որ դա առհասարակ այդպես չէ։  Տեսնելով հավաքվածների ոգևորությունը, իրեն հաճելի վանկարկումները՝ պոպուլիզմի չափաբաժինն ավելացրել է և որոշել է հավաքվածներին ինչպես ինքն է ասում՝ «դուխ» տալ. «Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետև այդ ՍԴ 7 անդամներն իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո՛, նաև առաջին նախագահի՝ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»:

Գոնե մի դեպք հիշեք, որ ՍԴ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի կամքն է կատարել։ Չկա։ Երբ անցյալ տարի մարտի մեկին Փաշինյանը ներողություն էր խնդրում Վազգեն Մանուկյանից, Վազգեն Մանուկյանի գործավարուհին մամուլին ասել էր, որ Վազգեն Մանուկյանը չի դիմելու ՍԴ։ Վազգեն Մանուկյանը էն մարդը չէ, որ համոզմունք ունենար, որ ընտրություններում հաղթել է և լռեր։ 

Բայց արի ու տես, որ վարչապետը քուն ու դադար չունի, և 1996 թվականը Փաշինյանի գլխից դուրս չի գալիս։ Սովորաբար Լևոն Տեր- Պետրոսյանին էն երկուսի հետ համեմատում են նրանք, ովքեր իրենք իրենց քաղաքական չեզոք գործիչ են համարում և ջուր են լցնում հակահեղափոխականների ջրաղացին։ Եթե Փաշինյանին թվում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով՝ «Այո»-ի ձայներն է ավելացնելու, ապա չարաչար սխալվում է։ Եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեր Ղարաբաղը ծախելու մեջ, միևնույն է հակահեղափոխականների «Ոչ»-ը «Այո» չէր դառնալու։ Քսան տարի շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ն է պայքարել, և հիմա էլ ՀԱԿ-ն է պայքարում նախկինների դեմ, և հեղափոխության անդավաճան կողմնակիցը առանց որևէ պաշտոնի ակնկալիքի ՀԱԿ-ն է։ Այս փաստն էլ բոլորն են տեսնում։ 

Իսկ հիմա հասկանանք, թե ինչո՞ւ է վարչապետը բոլոր անպատեհ առիթների դեպքում վարկաբեկում առաջին նախագահին։  

Էդ որ էն երկուսի մասին հայտարարում եք, որ միլիոնների ու միլիարդների չարաշահումներ են եղել, գոնե մի դեպք էլ փաստերով ասեք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։ Չկա։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մերձավորների հետ ինչ-որ չարաշահման դեպք լիներ, ապա նախկինները վաղուց արդեն հրապարակած կլինեին, պետք է, որ Դուք էլ իմանայիք այս պարզ ճշմարտությունը։ 

Մարդ ինչ աստիճանի դեմագոգ պետք է լինի, որ պատերազմում հաղթանակած երկրի ղեկավարին մեղադրի երկրում տեղի ունեցող դժբախտությունների մեջ։ Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար պատերազմի հաղթանակը դժբախտություն է եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստուն արտաքին քաղաքականության շնոհիվ Ղարաբաղը բանակցություններում լիարժեք կողմ էր։ Երկու տարի իշխանություն ունեք և շատ եք ուզում, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ինչը առայժմ Ձեզ չի հաջողվում, և եթե Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը դժբախտություն է եղել, բա ինչո՞ւ եք ուզում նույնը կրկնել։ Առայժմ նույնիսկ չեք հստակեցրել Ղարաբաղի հակամարտության լուծման Ձեր դիրքորոշումը և օրումեջ տարբեր բաներ եք հայտարարում ու Ձեր էդ մտավոր կարողություններով էլ Լևոն Տեր-Պետրոսյան եք քննադատում։ Ինչպես Դուք եք սիրում ասել՝ հանգիստ նստեք Ձեր տեղը։ 

Եվ վերջապես, երբ 2008 թվականին տասը տարվա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, հանրությունը ցնծությամբ ընդունեց, և Նիկոլ Փաշինյանն էլ կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ հիմա ուրանում է։ 2008թ. նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց, իսկ նախագահի հավերժ թեկնածու նույն Վազգեն Մանուկյանի հավաքած ձայները մեկ տոկոսն էլ չհատեց։ Բա ո՞ւր էին 1996 թվականի Վազգեն Մանուկյանի ձայները։ 

Ու նաև 2008 թվականին Լևոն-Պետրոսյանի վերադարձի շնորհիվ էր, որ վախից ծպտված ժողովուրդը իր ձայնին տեր էր կանգնում և հրապարակ էր դուրս եկել, արդարություն էր պահանջում, իսկ իշխանությունները մի ելք ունեին՝ կրակել։ Իսկ 2018 թվականին կրակել այլևս չէին կարող։ Ուրանալը շատ վատ բան է։ Ամենևին էլ կապ չունի, թե ով ում է ուրանում։ Ուրացումի տակից էլ պոպուլիստական ագրեսիայով դուրս գալու փորձերն էլ՝ նողկալի:

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ