...

Իրական պատմություն, որը միայն Հայաստանում է եղել

Իրական պատմություն, որը միայն Հայաստանում է եղել

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանը՝ քրեական գործի շրջանակներում կաշառքի առարկա հանդիսացած 22․401․000 ԱՄՆ դոլար գումարի ծագումը բացատրել է նրանով, որ իր մայրական պապը «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելով, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերել և 1987 թվականին փոխանցել է տատին:

«ՉԻ». Բանը եղել է այսպես: Սեդրակ Առուստամյանի պապը գնացել է բանակ: Ու բախտը բերել է, ընկել է Իրանի զորամաս: Ճիշտ է, խորհրդային զորքերը վերջին անգամ Իրանում եղել էին 1946 թվականի մայիսին, բայց Ս. Առուստամյանի պապի համար այնտեղ հատուկ զորամաս էին բացել:

Իսկ 1987 թվականին երեք պատերազմ կար. խորհրդա-աֆղանական, իրանա-իրաքյան, էն մեկն էլ Իրանի հետ ընդհանրապես կապ չուներ: Էս Իրանի հետ կապ չունեցող պատերազմում կռվախնձորը Իրանի շահի ոսկիներն էին: Ճիշտ է, այն ժամանակ այլևս Իրանի շահ չկար, փախել էր Արևմուտք, բայց դե հո ոսկիները կային:

Եվ ահա, մեր այս պապը, Ռեմբոյի պես մինչև ատամները զինվում է, 2 հատ ПК, 1 հատ ДШК, 18 հատ Ф-1 նռնակ, 4 հատ դագանակ, 2 հատ էլ РПГ գցում է ուսին ու տենց փրթելով սաղին, հասնում է շահի ոսկուն: Խորհրդային բանակի ղեկավարությունն էլ այս ամենի վրա աչք է փակում, չտեսնելու տալիս, ասում են՝ արա, դե հալալ է տղուն, վիզ ա դրել, թե որ գտավ էդ ոսկին, սաղ իրեն փեշքեշ: 

Ու վերջին մարտում մեր պապը 200 պարապած հակառակորդի փռում է ասֆալտին, 6 հատ տանկ խփում, 2 ուղղաթիռ, 6 ԲՏՌ, 190 հոգու գերի վերցնում, վերջում՝ երբ ոսկին վերջապես վերցնում է, գցում խուրջինը, այդ առթիվ համաներում է հայտարարում, բոլոր գերիներին բաց է թողնում, ինքն էլ ոտ-ոտ վերադառնում, ոսկին պահ տալիս կնոջը, որը գործով անցնում է որպես Սեդրակ Առուստամյանի տատ: 

Քիթներս կտրենք, թե այսպես չի եղել: Նման բանը չես հորինի: Ս. Առուստամյանի պապի միակ սխալն այն է եղել, որ այդ ոսկին բերելուց շահից ստացական չի վերցրել, որ դա հենց շահի ոսկին է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5177 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ