...

Ճամպրուկներով նախագահական գումարներ տանելու մեխանիկան

Ճամպրուկներով նախագահական գումարներ տանելու մեխանիկան

Երբ խոսում ենք 20 տարուց ավելի երկրի տոտալ թալանի, վերից վար կոռումպացված ու քրեաօլիգարխիկ համակարգի գոյության, երկրի առաջին դեմքերի ու պետական մակարդակով այդ համակարգի արմատավորված լինելու մասին, փեսիստական ու ՀՀԿ-ական շրջանակները դա համարում են միֆ, որը իբր շրջանառել են նախկին ընդդիմադիրները՝ հանրության շրջանում դժգոհություններ առաջացնելու և ռոբասերժական «սուրբ», «հայրենանվեր» իշխանությանը վարկաբեկելու համար։

Այսօր Ազգային Անվտանգության Ծառայությունն այդ «սրբերի» գործունեության հերթական «հայրենանվեր» դրվագն է բացահայտել։ Ըստ հաղորդագրության, ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով։ Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության 2 պայմանագրեր:

Կաշառք տվողը «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանն է, կաշառք վերցնողը նախկինում ՀՀ ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը։ Վերջինս Սերժ Սարգսյանի իշխանության մեջ եղել է հանգուցային ֆիգուր՝ օժտված սուպերնախարարի լիազորություններով։ Նա իշխող վերնախավում եղել է թերևս երրորդ դեմքը՝ նախագահից ու վարչապետից հետո։

22 միլիոն դոլար կաշառքի պատմությունը հանցագործության սովորական դրվագ չէ, քանի որ՝ նախ խոսք է գնում ահռելի գումարների մասին, ապա՝ այդ գործում ներգրավված են ոչ պատահական մարդիկ։ 

Սուպերնախարարի մասնակցությունը այդ կոռուպցիոն օպերացիային մի ավելորդ անգամ փաստում է, որ գործ ունենք պետական ամենաբարձր մակարդակով կոռուպցիայի, ստվերային երևույթների, փողերի լվացման հետ։
Լավ իմանալով նախկին իշխանության բնույթն ու հաստատված խաղի կանոնները՝ անհնարին է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը, որը այս պատմության ժամանակ՝ 2011 թվականին, զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, անմասն է մնացել այդ գործարքից՝ ինչպես իրազեկության, այնպես էլ փայաբաժին ունենալու առումով։

Այս պատմությունը ճամպրուկներով նախագահական գումարներ տանելու դրվագներից մեկն է։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ