...

Հանաք բան չէ, մարդն առանց բլթոցների խոսեց

Հանաք բան չէ, մարդն առանց բլթոցների խոսեց

Նախկին իշխանության ներկայացուցիչները, շահառուները և սպասարկողները երեկվանից իրենց հիացմունքն են արտահայտում Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսի վերաբերյալ՝ դիֆերամբներ ձոնելով իսկական «պետական գործչի», «հմուտ քաղաքագետի» հասցեին, փառաբանում նրա «հավասարակշռված» ու «փաստարկված» խոսքը։

Մինչև իսկ այնտեղ են հասել, որ իրենց «հանճարին» ու «իմաստագույնին» հռչակում են որպես «ամենապետականամետ» քաղաքական գործիչը ու մյուսներին խորհուրդ տալիս՝ սովորել նրանից։

Այստեղ «դասականը» կասեր՝ իյա՜, իրո՞ք։

Ուղղակի զուտ մարդկայնորեն հետաքրքիր է, թե ինչի հիման վրա են այս մարդիկ նման դատողություններ անում, կոնկրետ երեկվա մամլո ասուլիսը ու այնտեղ հնչածը ինչ հիմքեր են տալիս նման գնահատականներ ու եզրակացություններ անելու համար։

Ըստ էության, ինչպես միշտ է Սերժ Սարգսյանի պարագայում, շատ դժգույն ու գաղջ ասուլիս էր՝ կաղապարված խոսքով ու մտքերով, որտեղ որևէ նոր բան չհնչեց (բացառությամբ 2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում հաստատված հրադադարի համաձայնագրի որոշ դետալներից, թեև այս հարցում էլ առկա են որոշակի հակասություններ Սերժ Սարգսյանի նախկին ու ներկա հայտարարությունների միջև։ Մասնավորապես այն, որ 2016-ին մի առիթով նա հայտարարել էր, թե ինքը տեղյակ չի եղել մոսկովյան համաձայնագրի շուրջ ընթացած բանակցությունների մանրամասներին, ինչը շատ մահոգիչ խոստովանություն է)։

Ինչպես շատերն են արձանագրում՝ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին։ Ապրիլյան պատերազմի մասին հարցերի նրա պատասխանները վաղուց հայտնի էին։ Այլ թեմաներով մյուս բոլոր հարցերին նա խուսափում էր պատասխանել՝ պատճառաբանելով, թե թեմայից դուրս են ու խոստանում հետո պատասխանել։ 

Ուրեմն, մարդը երկու տարի լռել է, այդ ընթացքում մի շարք թեմաներով բազմաթիվ հարցեր են կուտակվել, նրա կուսակիցներն արդեն երկու տարի շաղակրատում են, թե՝ հեսա, հեսա, Սերժ Սարգսյանը կխոսի, նոր դուք ձեր հալը կտեսնեք։ Եվ ահա խոսելու առիթն ու ժամանակը եկել է, անգամ հրավիրվել է այնքան գովազդված «մեծ ասուլիսը», իսկ Սերժ Սարգսյանը հարցերի մեծ մասին, Արթուր Վանեցյանի հանգույն ասում է՝ ես այդ հարցին չեմ պատասխանի։

Մտածելով այն հարցի շուրջ, թե Սերժ Սարգսյանի ասուլիսն ու այնտեղ նրա ասածները, այնուամենայնիվ, ինչու են հիացրել ՀՀԿ-ականներին, հանգեցի մի եզրակացության. այս անգամ Սերժ Սարգսյանն իր խոսքում աղաղակող կիքսեր, ակնհայտ բլթոցներ բաց չթողեց, որոնցով հարուստ են նրա բոլոր հարցազրույցներն ու ասուլիսները։

Իհարկե, սա մեծ առաջընթաց է ու, իրոք, «հիանալու», «հպարտանալու» արժանի իրադարձություն։ Եթե կասկածում եք, դիտեք Պոզների հետ Սերժ Սարգսյանի՝ արդեն դասական դարձած հարցազրույցը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1092 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ