...

Սերժ Սարգսյանի ներկայանալն արդյո՞ք կլինի կուլմինացիա

Սերժ Սարգսյանի ներկայանալն արդյո՞ք կլինի կուլմինացիա

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Երրորդ նախագահի գրասենյակը նաև տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է համարում քննիչ հանձնաժողով այցելել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո, ապա պայման է դրել, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն՝ եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում՝ ձայնագրման հնարավորություն տալ:

Ավելի վաղ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավերներ էր ուղարկել այդ ժամանակահատվածում նախագահի աթոռն ու գերագույն գլխավոր հրամանատարի պոստը զբաղեցնող Սերժ Սարգսյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին՝ ներկայանալ հանձնաժողով ու պատասխանել ապրիլյան պատերազմի հանգամանքներին վերաբերող հարցերի։ Նաև ընտրության հնարավորություն էր տրվել նրանց՝ հանձնաժողով ներկայանալ կա՛մ ապրիլի 13-ին, կա՛մ 16-ին։

Յուրի Խաչատուրովն անմիջապես մերժել էր հրավերը։ Սերժ Սարգսյանի գրասենյակն ու կուսակիցներն էլ ինքնագոհ ու վստահ հայտարարել էին, թե «ապրիլյան պատերազմը հաղթած» Սերժ Սարգսյանը ոչինչ չունի թաքցնելու հանրությունից, ինչը որոշակի իմաստով ակնարկ էր այն մասին, թե Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ներկայանալ ինչ-որ հանձնաժողովի։ ՀՀԿ ներկայացուցիչներն այս բովանդակությամբ մի շարք հայտարարություններ արել էին նաև տարբեր առիթներով՝ բացասաբար պատասխանելով Սերժ Սարգսյանի՝ քննիչ հանձնաժողով ներկայանալու հարցին։

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որոշեց համաձայնել հրավերին (իհարկե, որոշակի պայմաններով)։ Սերժ Սարգսյանի համաձայնության որոշումը, թերևս, անակնկալ էր իր կուսակիցների ու թիմակիցների համար։ Ամեն դեպքում, վերջիններիս հայտարարություններից բնավ չէր բխում, թե Սերժ Սարգսյանը կարող է համաձայնել հրավերին։

Այժմ մի երկու խոսք Սերժ Սարգսյանի պայմանների մասին։ Նա համաձայնել է հանձնաժողով ներկայանալ արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո, ինչը ինչ-որ տեղ տրամաբանական է։ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ավարտվելու է ապրիլի 14-ին։ Սակայն կառավարությունը կարող է երկարաձգել ժամկետը։ Այժմ այս հարցի շուրջ քննարկումներ են գնում։ 

Իշխանությունը կարծես թե հակված չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելուն՝ կապված տնտեսական իրողությունների հետ։ Հանրային որոշ ու ընդդիմադիր կոնկրետ շրջանակներ հակառակ կարծիքի են։ 

Եթե կառավարությունը, այնուամենայնիվ, որոշի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին չի ներկայանա հանձնաժողով։ Սակայն սա չի նշանակում, թե երբևէ չի ներկայանա։ Վաղ թե ուշ արտակարգ դրությունը հանվելու է, և Սերժ Սարգսյանը ներկայանալու է հանձնաժողով, քանի որ նրա պատասխանում հստակ նշված է «հանձնաժողով այցելել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո», այսինքն՝ երբ էլ այդ ավարտը լինի։

Հանձնաժողով ներկայանալու՝ Սերժ Սարգսյանի մյուս պայմանը հարցաքննության ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո իրեն տրամադրելու մասին է։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատել է, որ բոլոր հարցաքննությունները ձայնագրվում են։ Այլ հարց է դրանք երկրորդ կողմին տրամադրելու խնդիրը։ Դա որոշելու է հանձնաժողովը։ 

Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։

Իհարկե, Սերժ Սարգսյանի՝ քննիչ հանձնաժողով ներկայանալն ու հարցերին պատասխանելը անչափ կարևոր է, սակայն չի կարելի ասել, թե նա անկեղծորեն պատասխանելու է բոլոր հարցերին։ Նա ասելու է այն, ինչ այդ թեմայով ասել է մինչ օրս։ Իսկ որոշ հարցերի վերաբերյալ էլ, որպես հասցեատեր, կարող է հիշատակել Յուրի Խաչատուրովին։ Մանավանդ որ, վերջինս հրաժարվել է ներկայանալ հանձնաժողով։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ