...

Դուք եք աղավաղել մեր հաղթանակները

Դուք եք աղավաղել մեր հաղթանակները

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել:

Մեր երկրից, մեր ժողովրդից, մեր պետությունից ցանկանում են գողանալ շատ կարևոր հաղթանակ։ Եվ գողանում են նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում մեր բանակի ու ժողովրդի հաղթանակը:

Հաղթանակ` որը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեծ հնարավորություններ է տվել Արցախյան բանակցային գործընթացին»:

«ՉԻ». Որքան հասկացանք, 2016-ի ապրիլին երկու հայ-ադրբեջանական պատերազմ է եղել: Մի պատերազմում մեր բանակը փայլուն հաղթանակ է տարել, Հայաստանն ու Արցախը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական լուրջ խաղաքարտեր են ստացել բանակցային գործընթացում: Բնականաբար, այս պատերազմում հաղթել ենք Սերժ Սարգսյանի շնորհիվ:

Երկրորդ պատերազմում մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, այդ թվում՝ մի շարք կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ինչը խոստովանել էր Սերժ Սարգսյանը, 100-ից ավելի զոհ ենք տվել, մեր հետախուզությունը չի կարողացել կատարել իր առջև դրած խնդիրները և կանխատեսել Ադրբեջանի հարձակումը, արդիական զենքի և սպառազինության խնդիր ունեինք, ինչը խոստովանել էր Սերժ Սարգսյանը, սահմանային շատ հենակետեր բավարար կերպով ամրացված չէին, չունեին անհրաժեշտ հետախուզական սարքավորումներ, գիշերային տեսողության սարքեր: Այս կորուստների և բացթողումների հետ Սերժ Սարգսյանը որևէ կապ չի ունեցել: Ամեն ինչ ինքն իրեն է ստացվել:

Բայց լավ են սովորել: Տեր-Պետրոսյանի օրոք ռազմական փայլուն հաջողություններ և ձեռքբերումներ ենք ունեցել, սրանք ասում էին և ասում են՝ Լևոնը հողերը ծախում էր, 2016-ին տարածքային կորուստներ ենք ունեցել, ասում են՝ ռազմական հաղթանակ ենք տարել: 

Իրենք աղավաղել, նսեմացրել և գողացել են 1990-ականների պատերազմի հաղթանակները, իսկ հիմա մուննաթ են գալիս, թե իրենց անհաջողություններին անհաջողություն են անվանում:

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք, մենք ոչ մի տեղ չենք նշել, որ Ապրիլյան պատերազմում պարտություն ենք կրել: Ոչ մի տեղ չենք նշել, որ Սերժը հողեր է տվել: Մենք ընդամենը իրերն իրենց անուններով ենք ներկայացրել: Ունեցել ենք և կորուստներ, և հաջողություններ, այդ պատերազմում նաև հերոսական փայլուն էջեր են գրվել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ