«Հաղթողի աուրան շատ կարևոր է. երբ դու հոգեբանական գերազանցություն ունես քո հակառակորդի հանդեպ, քեզ ինչ-որ բան պարտադրելն անհնարին է: Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն անհաղթահարելի խոչընդոտներ էին ալիևյան կլանի համար: Հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո խաղի կանոններ էին պարտադրվում Ալիևին»:
Նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում:
«ՉԻ». Ամբողջովին համամիտ ենք ռազմական փորձագետի հետ: Ադրբեջանի նախագահի մերձավոր շրջապատի մեր աղբյուրները նույնպես վկայում են՝ երբ ապրիլյան պատերազմից հետո Ալիևը լսել է Սարգսյանի խոսքերը, որ 800 հեկտարը անպիտան հողեր են, ցանկացել է վերադարձնել, բայց քանի որ Սարգսյանն էր խաղի կանոններ թելադրում, նման զարգացում թույլ չի տվել: Ասում են անգամ, որ դրանից հետո Ալիևը ընկել է խորը դեպրեսիայի մեջ և կյանք է վերադարձել միայն հայկական հեղափոխությունից հետո:
Բա որ անհաղթահարելի խոչընդոտներ էին, ինչո՞ւ է Ալիև կրտսերը Քոչարյանին անվանում քաղբանտարկյալ: Ի՞նչ է, ցանկանում է կրկին հանդիպել խոչընդոտի՞, թե՞ տառապում է Ստոկհոլմյան սինդրոմով: Եթե Սարգսյանը խոչընդոտ էր, ինչո՞ւ է առավոտից երեկո քննադատում հայկական հեղափոխությունը: Ի՞նչ է, նորից ցանկանում է բանակցել ոչ մի թիզ հող չզիջող Սարգսյանի հե՞տ:
Այս փորձագետին թվում է, թե ապրիլյան պատերազմը Ավարայրի ճակատամարտի պես մի բան է, ինքն էլ Եղիշեն է՝ ոնց կուզի, այդպես էլ կպատմի ճակատամարտի մասին:
Հայաստանին շտապ օրենք է անհրաժեշտ: Քաղաքական և ռազմական փորձագետները պետք է անցնեն բժշկական համալիր հետազոտություն: Իհարկե, արդյունքում նրանց թիվը էականորեն կնվազի, բայց ոչինչ, գոնե հստակ կիմանանք, որ մարդիկ հացի փող են վաստակում և ոչ թե՝ ռևանշիստները օգտվում են որոշ փորձագետների առողջական խնդիրներից: