Դավաճանության թեման հիմա օրակարգային է: Արժե հասկանալ կեղծ և իրական դավաճանության տարբերությունները: Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում 2016 թվականին տպագրած Մարկ Նշանյանի հոդվածը:
Հայաստանում նորից ակտիվացել են այն խոսակցությունները, թե Ապրիլյան պատերազմը նախապես պայմանավորված էր։ Ըստ հրապարակվող տեսանյութերի, պաշտոնապես հնչող հայտարարությունների և այլն` Սերժ Սարգսյանն իբր դեռ տարիներ առաջ էր Կազանում համաձայնել ինչ-որ տարածքներ հանձնել ու լավ էլ գիտեր, որ ադրբեջանցիները ապրիլի լույս 2-ի գիշերը հարձակվելու են, դրա համար էլ նախապես հրամայված է եղել հենակետերից հավաքել լրացուցիչ զենք-զինամթերքը, դրա համար էլ ուշացել է պատասխան կրակ բացելու հրամանը, դրա համար էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է հետ գրավել կորցրած տարածքները, և այսպես շարունակ։ Մի խոսքով` Սերժ Սարգսյանին մեղադրում են պետական դավաճանության մեջ։
Արդյոք այս մեղադրանքների մեջ ռացիոնալ հատիկ կա՞։ Փորձենք հասկանալ։ Նախ` «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելը տեխնիկապես բավականին բարդ է։ Դատեցեք ինքներդ. այդ մասին, Սերժ Սարգսյանից բացի, անպայման պիտի իմանային նաև Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարները, շտաբների պետերը, կորպուսների հրամանատարներն ու ավելի փոքր միավորումների ղեկավարները (որպեսզի հանկարծ ինքնագործունեություն չծավալեն), մի խոսքով` առնվազն 20-30 մարդ։ Հնարավո՞ր է, որ այդքան մարդ գիտակցաբար մասնակցեր պետական դավաճանությանը, և ոչ մի տեղից ինֆորմացիայի արտահոսք չլիներ։ Հավատացնում ենք` գրեթե անհնար է։
Երկրորդ` բացառված է, որ նախագահների մակարդակով քննարկվեր «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելու հարցը։ Խոսքը մի քանի շրջանների մասին լիներ` ուրիշ բան։ Վերջին հաշվով` եթե նման «պայմանավորվածություն» եղել է, դա կողմերին առանձնապես ոչինչ չի տվել։ Ու հարց է ծագում` ի՞նչ կարիք կար թշնամու հետ հանցավոր գործարքի մեջ մտնել, եթե «արդյունքը» համարյա զրոյական է, իսկ դավադրության բացահայտման դեպքում Սերժ Սարգսյանը կկորցներ ամեն ինչ` արժանանալով դավաճանի խարանի։ Այնպես որ` «պայմանավորված պատերազմը» բացառված է, և նման մեղադրանքներ հնչեցնողները ոչ միայն «յուղ են վառում», այլև կարգին վնաս են տալիս բանակին։ Վերջին հաշվով` ի՞նչ սրտով պիտի զինվորները պահեն առաջնագիծը, եթե նրանց անընդհատ քարոզվում է, որ իրենցից համարյա ոչինչ կախված չէ` «վերևներում» են պայմանավորվում, թե երբ պիտի սկսվի պատերազմը և ինչ արդյունքներ ունենա։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, ապա դավաճանություն, իհարկե, կա։ Ընդ որում` շատ ավելի լայնամասշտաբ ու շատ ավելի ծանր հետևանքների հանգեցրած։ Իսկական դավաճանությունն այն է, որ Սերժ Սարգսյանը (սկզբում` Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո` միայնակ) իր իշխանությունը ծառայեցրել է բացառապես իր ու իր մերձավորների հարստացմանը, քաղաքական դիրքերի ամրապնդմանը, պոտենցիալ մրցակիցների չեզոքացմանը և այլն, ու մատների արանքով է նայել պետական կարևորագույն խնդիրներին, այդ թվում` պաշտպանությանը։ Եվ այդ պատճառով` ադրբեջանցիները, որոնք մի ժամանակ հայ զինվոր տեսնելիս առանց հետ նայելու փախչում էին, այսօր հարձակվել ու տարածքներ են գրավել։ Գրավել են, որովհետև հանկարծ պարզվել է, որ հայկական բանակը ժամանակակից սպառազինության համար փող չունի (թե ինչու չունի` Սաշիկին հարցրեք), որ զինվորները «քչություն են անում» (տեսնես ո՞ւմ ստեղծած «գաղջ մթնոլորտի» պատճառով է 350 հազար մարդ արտագաղթել) և այլն։
Այ սա՛ է իսկական դավաճանությունը, և ոչ թե չեղած դավադրությունը` իբր պայմանավորված պատերազմի մասին։ Ու պետք չէ հեքիաթներ հորիներ` իբր Հայաստանում ամեն ինչ կարգին է, բանակն ամեն ինչով ապահովված է, պարզապես դավաճանություն է եղել։ Այ, եթե դավաճանություն չլիներ` այդ տարածքները հետ կբերեինք ու երեք օրում կմտնեինք Բաքու։ Խորքային պատճառները չտեսնելն ու ամեն ինչ «դավադրությունների տեսության» շրջանակներում բացատրելը շատ վտանգավոր ինքնախաբեություն է։ Եթե անգամ այդ պահին քաղաքական դիվիդենտներ է բերում և մի ուրիշ ձևի հայրենասեր երևալու հնարավորություն տալիս։
Մարկ Նշանյան
«Չորրորդ իշխանություն», հուլիսի 7, 2016թ.