ՌԵՏՐՈ բաժնի այս թողարկումը Սերժ Սարգսյանի օրոք զարգացող իրադարձությունների մասին է՝ ԵՏՄ անդամակցություն, հայ-թուրքական սահման, ղարաբաղյան հիմնախնդիր և Էդուարդ Շարմազանով։
ՏՈՒԺՎԱԾԸ
Մի քանի օր առաջ թուրքական թերթերից մեկը գրեց, թե իբր Սերժ Սարգսյանը բանավոր խոստում է տվել Ղարաբաղի հարակից երկու շրջանները վերադարձնելու մասին, և եթե առաջիկայում այդ խոստումը պաշտոնապես հաստատվի` հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կարձանագրվի (խոսքն ակնհայտորեն հայ-թուրքական սահմանի բացման մասին է)։ Էդուարդ Շարմազանովն էլ, հասկանալի է, դա գնահատեց որպես հերթական անհեթեթություն։
Եվ պատկերացրեք` այս անգամ նա իրավացի էր։ Ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը հաստատ նման բանավոր խոստում տված չի լինի։ Նրանից ամեն ինչ սպասելի է. նայած «տրամադրության»` կարող էր նաև յոթ շրջան էլ խոստանալ կամ հակառակը` պահանջել ևս յոթ շրջան։ Այլ այն պատճառով, որ տարածքների վերադարձն ու առավել ևս հայ-թուրքական սահմանի բացումն այլևս դուրս է Սերժ Սարգսյանի իրավասություններից։ Նախկինում էլ էր նրա այդ իրավասությունը խիստ կասկածելի (որովհետև սահմանի մի կողմում թուրք սահմանապահներն էին, մյուս կողմում` ռուս), բայց հիմա իրավիճակն ուրիշ է, և ընդամենը մի քանի ամիս անց Հայաստանն արդեն պաշտոնապես իրավունք չի ունենա սահմանի բացման հարցն ինքնուրույն քննարկել Թուրքիայի հետ։ Արդեն մի քանի ամիս անց դա արդեն հայ-թուրքական սահման չի լինի, դա կլինի սահման Թուրքիայի և Մաքսային միության միջև։
Նույնն, ի դեպ, վերաբերում է նաև հայ-վրացական սահմանին։ Մեզ, իհարկե, հավաստիացնում են, որ սահմանը բաց կմնա, և ամենայն հավանականությամբ` այդպես էլ կլինի։ Համենայն դեպս` սահմանի ողջ երկայնքով հաստատ փշալար չի քաշվի և խրամատներ չեն փորվի, հայերն ու վրացիներն էլ ազատ ելումուտ կանեն։ Իսկ ահա մաքսակետերում ռուս մաքսավորները խիստ վերահսկողություն կսահմանեն, այսինքն` ինչ-որ բան ներմուծել-արտահանելը խստորեն կվերահսկվի։ Ինչո՞ւ։ Որովհետև միասնական մաքսային տարածք է, եթե այդպես չարվի` վրացական ապրանքները «լևի» կմտնեն Հայաստան ու արդեն որպես հայկական ապրանք` ազատորեն կվաճառվեն Ռուսաստանում։
Կշահի՞, թե՞ կտուժի Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելով։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անկեղծորեն ասում է` «դեռ չենք հաշվարկել»։ Այ տնաշեններ, բա որ դեռ չեք հաշվարկել` ո՞ւր եք մտնում։ Պատկերացնո՞ւմ եք` մեկը տասը մետրանոց աշտարակից ցատկի լողավազանի մեջ ու օդում շատ հանգիստ բացատրի, որ դեռ չգիտի` լողավազանում ջուր կա՞, թե՞ ոչ, կամ եթե կա` քանի՞ սանտիմետր է։ Նման բան հնարավոր է միայն մի դեպքում` եթե ինքնակամ չի ցատկել, հետևից հրել են։
Ղարաբաղի հարցում կշահի՞, թե՞ կտուժի Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելով։ Այս ենթատեքստում որևէ մեկն առայժմ չի արտասանել «դեռ չենք հաշվարկել» ճակատագրական բառերը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ինչ մտադրություններ ունի Ռուսաստանն այս հարցում։ Փոխարենը` ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ իրար հերթ չտալով համոզում են ժողովրդին, որ Ռուսաստանը մեզ հետ ոնց ուզի` կվարվի։ Վարդան Այվազյանն, օրինակ, հայրենասիրական ջերմ պաթոսով բացատրում է լրագրողներին, որ Ռուսաստանը շատ հանգիստ կարող է արգելել իր տարածքից Հայաստան առաքվող մասնավոր տրանսֆերտները, և վերջ. Հայաստանը «կթքի փայտիկին»։ Ու որևէ մեկը չի համարձակվում բարձրաձայն մտահոգություն հայտնել` իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Ռուսաստանն իր այդ «մահացու» լծակները կիրառելով ստիպի անընդունելի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում։ Որևէ երաշխիք կա՞, որ նման բան տեղի չի ունենա։ Իհարկե չկա. Ռուսաստանը կարծես թե խոստացել է թույլ չտալ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, բայց չի խոստացել, որ հայերին չի ստիպի «ինքնակամ» զիջումների գնալ։ Միակ հույսն այն է, որ Ռուսաստանը մեզ այնուամենայնիվ նման բան չի պարտադրի։ Բայց այդ դեպքում էլ ստացվում է, որ ղարաբաղյան հարցում հետագա զարգացումներն ընդհանրապես մեզանից կախված չեն, մեզ մնում է միայն ապավինել Ռուսաստանի բարի կամքին։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան շարժման առաջին փուլում։ Այն, եթե հիշում եք, սկսվեց «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսով և ավարտվեց Պոլիտբյուրոյի` Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու որոշմամբ։
Իսկ Էդուարդ Շարմազանովը սրանից հետո կարող է միանգամայն իրավացիորեն անհեթեթություն անվանել ցանկացած նախադասություն, որում միաժամանակ օգտագործված կլինեն «Սերժ Սարգսյան» և «ղարաբաղյան խնդրի կարգավորում» բառակապակցությունները։ Դրանք արդեն իսկապես միմյանց հետ որևէ կապ չունեն։ Իսկ ՀՀԿ-ի միակ մխիթարությունն այն է, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ Ղարաբաղը չհանձնեց։ Նա հանձնեց Հայաստանի` ղարաբաղյան խնդրի վրա որևէ կերպ ազդելու իրավունքը։
Մարկ Նշանյան
«Չորրորդ իշխանություն», 2013 թ., նոյեմբերի 30