ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ասում է «Աստված մեզ պատժում է երկու բանի համար․ առաջին՝ որ 30 տարվա ընթացքում չկարողացանք կառուցել անկախ պետություն․․․ և ընդհանուր առմամբ էլ պատժում է, որ գնացիք՝ Արցախը խուրդողին ձայն տվեցիք»։
Ենթադրենք՝ «ընդհանուր առմամբ» ճիշտ է ասում, բայց ինչպե՞ս ստացվեց, որ «30 տարվա ընթացքում չկարողացանք կառուցել անկախ պետություն»։ Իրականում լավ էլ կարողացանք, ավելին՝ արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք առավելապես նրա շնորհիվ, որ կարողացանք խորհրդային փլատակների վրա պետական ինստիտուտները կայացնել փոքր-ինչ ավելի արագ, քան հարևանները։ Ավելի արագ ձևավորվեց պետական կառավարման համակարգը, ստեղծվեցին կանոնավոր բանակն ու ոստիկանությունը, և առաջին պատերազմի ամենածանր փուլում՝ 93-ի դեկտեմբերից 94-ի փետրվարին, հենց պետական կառույցների շնորհիվ պահպանեցինք հաղթանակը։ Բայց հիմա ո՞վ է այդ մասին հիշում։ Հիմա ո՞վ է հիշում, որ 1995-96-ին Հայաստանն արդեն կայացած պետություն էր, իսկ Վրաստանում ու անգամ Ադրբեջանում դեռ հովհարային անջատումներ էին, զինված բանդաներն էլ օրը ցերեկով վխտում էին ճանապարհներին։ Ուրիշ բան, որ 98-ին երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, և դրա կազմակերպիչները (այդ թվում՝ պրն Շարմազանովի կուսակցական ղեկավարը) որոշեցին, որ ավելի լավ է արցախյան խնդիրը կարգավորել ոչ թե որպես ինքնիշխան պետություն՝ ինչ-որ բաներ զիջելով, այլ զիջել ինքնիշխանության մի մասը՝ այն հույսով, որ դրա դիմաց ռուսներն Ադրբեջանին թույլ չեն տա նոր պատերազմ սկսել, Արցախի հարցում էլ որևէ բան զիջելու կարիք չի լինի։ Այնպես որ, «անկախ պետություն կառուցել չկարողանալը» շատ կոնկրետ մեղավորներ ունի․ Արցախի ապագան թեթևամտորեն Ռուսաստանին պատվիրակած և ռազմավարական ենթակառուցվածքներն իբր պարտքի դիմաց այդ երկրին հանձնած Ռոբերտ Քոչարյանը՝ իր «աջ ձեռք» Սերժ Սարգսյանի հետ։
Անցնենք «Արցախը խուրդողին ձայն տալուն»։ Սա բացարձակ ճշմարտություն է միայն 2021-ի հունիսյան ընտրությունների դեպքում, բայց հիշում ենք, չէ՞, որ այն ժամանակ նա արդեն վարչապետ էր։ Իսկ վարչապետ դարձել էր 2018-ին։ Հարց՝ ո՞ւմ «հաճախորդն» էր Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ, ո՞ւմ «քավորությամբ» էր ստեղծվել «Ելք» դաշինքն ու հայտնվել խորհրդարանում, և արդյո՞ք «հաճախորդը» դուրս կգար վերահսկողությունից ու ինքնուրույն խաղ կսկսեր, եթե Սերժ Սարգսյանը չդրժեր հրապարակային խոստումը, «չքցեր» Կարեն Կարապետյանին ու չդառնար վարչապետ։ Պարզ ասած՝ ո՞ւմ պատճառով Արցախի ապագա «խուրդողն» իշխանությունը չանթելու հնարավորություն ստացավ։ Պատասխանեք այս հարցերին, և ակնհայտ կդառնա, որ «Աստված մեզ պատժել է» ոչ թե ուղղակիորեն, այլ «չերեզով»՝ մի քանի հոգու միջոցով, և այդ մի քանի հոգու մեջ պրն Շարմազանովի կուսակցական ղեկավարը միշտ առանցքային դերակատարում է ունեցել։
Այս ամենը, ի դեպ, հիշեցնում ենք ամենևին էլ ոչ անցյալի սխալները «երեսով տալու» համար։ Եղածը եղած է, ու հիմա պիտի մի կողմ դնել անցյալն ու մտածել երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու մասին։ Բայց արդյո՞ք դա հնարավոր է՝ առանց անցյալի սխալներն ընդունելու և հասարակությունից ներողություն խնդրելու։ Հավատացեք՝ անցյալի վերաբերյալ «կռուտիտներով» հնարավոր չէ պայքարել այսօր նույնպիսի «կռուտիտների» միջոցով երկիրը կործանման տանողի դեմ, պետք է վերջապես համարձակություն ունենալ, խոստովանել սեփական սխալները՝ որքան էլ դա ցավալի լինի, ու այդ դեպքում ժողովուրդը, հնարավոր է, ների և օգնի քշել «Արցախը խուրդողին»։
Մարկ Նշանյան
Հ․ Գ․ Ժամանակին ասվել է, չէ՞․ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»։ Կյանքը ցույց է տվել, բայց մենք համառորեն չենք ուզում տեսնել։ Ու «կուրացրել է» մեզ ոչ թե Աստված, այլ նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ հանուն սեփական շահի քարոզչական լաթով կապել են մեր աչքերն ու հիմա էլ շարունակում են կապած պահել։