...

«Գերագույն-գլխավորների» շղթայական վախկոտությունը

«Գերագույն-գլխավորների» շղթայական վախկոտությունը

Եվ այսպես, Ֆրանսիան մտադիր է Հայաստանին պաշտպանական սպառազինություն վաճառել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հեգնել է, թե մեր պարտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է եղել, այլ «անփույթ, տգետ, պոպուլիստ ու դեմագոգ կառավարումը՝ նիկոլիզմը», ու «եթե Նիկոլի գլխավորած Հայաստանում նույնիսկ ատոմային զենք լինի, մեկ է՝ պարտվելու ենք»։

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հենց Սերժ Սարգսյանն էր տրտնջացել, թե հայկական բանակը «կռվել է 80-ականների զենքերով», բայց սա դեռ մի կողմ թողնենք, որովհետև մեծ հաշվով՝ Էդուարդ Շարմազանովն իրավացի է․ պատերազմները միայն զենքով չեն հաղթում։ Առավել ևս՝ իրավացի է Նիկոլ Փաշինյանին ու նիկոլիզմին տված գնահատականներում։ Իսկ ամենադրականն այն է, որ Հայաստանում վերջապես սկսել են փորձել պարզել պարտության պատճառները, ու պատասխանն էլ միայն սպառազինությունների դիսբալանսի տիրույթում չեն փնտրում։

Այո, եթե Նիկոլի փնթի, տգետ կառավարումը չլիներ՝ պատերազմի հետևանքներն այսքան աղետալի չէին լինի։ Նա ինքն է, չէ՞, խոստովանել, որ կարող էր կեսից կանգնեցնել պատերազմը, և նույն արդյունքը կլիներ, «իհարկե՝ առանց զոհերի»։ Այսինքն՝ կպարտվեինք, բայց չէինք ջախջախվի։ Բայց արդյո՞ք Հայաստանն ու Արցախը, նույնիսկ ամենահմուտ ղեկավարման պայմաններում, կարողանալու էին դիմակայել 10 միլիոնանոց Ադրբեջանին՝ «ամրապնդված» 80 միլիոնանոց Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, նավթադոլարներով Իսրայելից գնված գերժամանակակից սպառազինությամբ, մի քանի հազար իսլամիստ-ահաբեկիչներով ու Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերությամբ»։ Չէին կարողանալու, հետևաբար՝ պարտությունից խուսափելու միակ ձևն ի սկզբանե պատերազմից խուսափելն էր։ Բնականաբար՝ շատ ցավոտ զիջումների գնով։ Բայց 1998-ից հետո Հայաստանում իշխանության եկածներից ոչ մեկն այդպես էլ այդ գինը վճարելու համարձակություն չունեցավ։ Այսինքն՝ մենք պարտվեցինք ոչ թե բանակի, այլ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի վախկոտության պատճառով։ Նրանցից ոչ մեկն այնքան համարձակություն չունեցավ, որ վեր կենար ու տղամարդավարի ասեր՝ ժողովուրդ, վիճակը սա է, պիտի շատ ցավոտ զիջումների գնանք, որովհետև հակառակ դեպքում կարող ենք շատ ավելին կորցնել։ Դե իհարկե, ինչո՞ւ պիտի նման բան ասեին ու վտանգի տակ դնեին իրենց իշխանությունն ու անձնական կոմֆորտը՝ «վոյինի» իմիջը, «սերֆինգ քշելը», կազինոները, փրկչի կերպարանքով ու անլվա ձեռներով «քյալլա-փարթիները»․․․ 

Ի դեպ՝ այս ցանկում ամենաքիչը կշտամբանքի է արժանի Սերժ Սարգսյանը, որովհետև նա գոնե այդպիսի փորձ արել է՝ ԼՂՀ իշխանություններին բացատրելով, որ առավելապաշտության արդյունքում «Ղարս-Ղարսի» փոխարեն «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» ենք երգելու։ Բայց ինչո՞ւ ենք մենք այդ մասին իմացել միայն պատերազմից հետո, ինչո՞ւ նա հրապարակավ չի ասել այդ մասին կամ «լրջանալու պահի» վերաբերյալ իր հոդվածը չի գրել։ Որովհետև վախենում էր, որ հիմա էլ իրեն կմեղադրեն «քիրվայության» մեջ, ու հնարավոր է՝ կորցնի՞ իշխանությունը։ Բա հենց դա՛ է քաղաքական վախկոտությունը, հենց այդ շղթայական վախկոտությո՛ւնն է մեզ հասցրել այս օրվան։ Որովհետև տասնյակ հազարավոր զինվորներ ու սպաներ տասնամյակներ շարունակ գիշեր-ցերեկ իրենց կյանքը վտանգել են, իսկ «գերագույն-գլխավոր հրամանատարները»՝ Ռոբերտ Քոչարյանից մինչև Նիկոլ Փաշինյան, վախեցել են դուրս գալ իրենց կոմֆորտ-զոնայից։

Այ սա՛ է եղել մեր պարտության պատճառը՝ անձնական կոմֆորտը պետական շահից բարձր դասելը։ Ու մեծ հաշվով՝ կապ չունի, թե ով ինչ մեթոդներով ու հիմնավորումներով է արել դա։ Մեկը՝ ինքն իր «հերոսական կերպարով» հիացած, մյուսը՝ համեմատաբար ավելի գրագետ, երրորդը՝ ավելի ցինիկ ու փնթի․․․ Ի՞նչ տարբերություն։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ