...

Սա պատերազմ է հանուն ազատության

Սա պատերազմ է հանուն ազատության

Ռետրո բաժնում ներկայացվող այս հոդվածը դարձյալ անդրադարձ է 20-ամյա տոտալ ռեժիմին։ Այսօր տեղի ունեցող քաղաքական գործընթացները ոչնչով չեն տարբերվում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախկինում կազմակերպած նախընտրական քաղաքական գործընթացներից. արտահերթ ընտրությունների պահանջի փոխարեն այսօր նույն ուժերի վարչապետի հրաժարական պահանջելը միտում ունի ընտրական գործընթացները վերստին վերցնել իրենց ձեռքը։ Կարդացեք և առաջիկայի համար կատարեք համապատասխան եզրակացություն։

ԹԱՐՍՎԱԾ ԲԱԽՏ

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին երևի ամենաշատը կատաղեցնում է այն, որ չեն կարողանում ճշտորեն կրկնել 2003-ի սցենարը։ Ինչ անում են` ոչինչ չի ստացվում։ 

Մինչդեռ, իրենց տրամաբանությամբ, պետք է ստացվեր, որովհետև ճիշտ նույն քայլերն են անում։ 2003-ին էլ իրենք ամենաայլանդակ ձևով կեղծեցին ընտրությունների արդյունքները, ոստիկանությանն ու սափրագլուխներին բաց թողեցին ժողովրդի վրա, հարյուրավոր մարդկանց բանտերը լցրեցին, և պատկերացրեք` հասան արդյունքի։ Շարժումն աստիճանաբար մարեց։ Ու հիմա այս երկուսը գլուխ են ջարդում` հասկանալու համար, թե ինչո՞ւ հիմա արդյունքի չեն հասնում, թեև ավելի «վճռական» քայլերի են դիմել` 10 մարդ են սպանել, տասնյակ լիդերների բանտերը նետել և այլն։ 

Գլուխ ջարդելու կարիք չկա, կարող ենք բացատրել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե 2003-ի իրավիճակի հետ նմանություններ իսկապես կան, բայց դա` միայն առաջին հայացքից։ Իրականում այսօր Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է, և ահա թե ինչու։ 

1. 2003-ին ազատության սերունդը` 1988-ից հետո ծնվածները, դեռ նստած էր դպրոցական նստարաններին։ Այսօր հենց նրանք են հանուն ազատության մեր պայքարի առանցքը, եթե կուզեք` ողնաշարը։ Հենց նրանք էին, որ չընկրկեցին ոստիկանական համազգեստով սափրագլուխների բանդաների առաջ, հենց նրանք էին, որ բարիկադներ կառուցեցին, և, այո՛, տրոլեյբուսների վրա կանգնած` Եռագույն էին ծածանում։ Ու եթե պետք լինի` էլի են ծածանելու։ Այսօր ունենք երիտասարդություն, որին հնարավոր չէ կաշառել բազեական «կայֆերով» կամ մերձշուշանպետրոսյանական կերակրատաշտով։ Եվ ազատության այս սերունդը չի համակերպվելու ռեժիմին։ 

2. Ժողովուրդն իր մաշկի վրա է զգացել շարժումը կիսատ թողնելու հետևանքները։ Այո, 2003-ին ռեժիմը նույնիսկ մարդ սպանելու կարիք չունեցավ։ Արդյունքը բոլորը տեսան` պայքարի հաջորդ փուլում ռեժիմը տասը մարդ սպանեց։ Այսօր պայքարը կիսատ թողնել` նշանակում է ևս մի քանի ամիս կամ մի քանի տարի անց ունենալ արդեն հարյուրավոր զոհեր։ Եվ սա հասկանում են բոլորը։ Հասկանում են նաև, թե ինչի է ընդունակ իշխանությունը բռնազավթած հանցագործը, մանավանդ` եթե գիտակցում է իր հանդեպ ժողովրդի ատելության ողջ խորությունը։ Մի խոսքով, 2003-ին ժողովուրդը լավ չէր պատկերացնում, թե ինչ հետևանքներ կունենա կիսատ թողնված պայքարը։ Հիմա պատկերացնում է։ 

3. 2003-ին ռեժիմը կարողացավ պառակտել շարժումը` ճիշտ ժամանակին պայթեցնելով նախապես ներդրված «ականները»։ Այս անգամ այդպիսի վտանգ չկա։ Հենց սկզբից շարժումն այնքան հզոր էր, որ ռեժիմը ստիպված եղավ նախապես բացահայտել «հաճախորդներին», ու դա արվեց այնքան ապաշնորհ ձևով, որ արդյունքում շարժումը միայն հզորացավ։ Այսինքն, ռեժիմն այսօր չի կարող օգտագործել այդ նույն զենքը։ Իհարկե, չի բացառվում, որ հիմա էլ հայտնվեն մանր-մունր «ականիկներ», բայց ժողովուրդն արդեն շատ լավ ամեն ինչ հասկանում է, և արդյունքն ընդամենը քմծիծաղը կլինի։ Իսկ բուն շարժումը դրանից բացարձակապես չի տուժի։ Մի խոսքով` այսօր շարժումը պառակտել հնարավոր չէ։ 

4. 2003-ին ռեժիմն ինքը միատարր էր և լիովին վերահսկվում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այսօր ռեժիմն ինքն է պառակտված, և իշխանությունների ներսում, մեղմ ասած, «շունը տիրոջը չի ճանաչում»։ Որևէ մեկը չի հասկանում` Սերժ Սարգսյանն ի վերջո «շե՞ֆ» է, թե՞ ոչ, Ռոբերտ Քոչարյանը թոշակի՞ է գնացել, թե՞ դեռ «խաղեր է տալիս», դաշնակներն ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն։ Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի` ժողովրդի դե՞մ պայքարի, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, Քոչարյանն իր հերթին չգիտի` ավելի շատ ընդդիմության հանրահավաքների՞ց վախենա, Հաագայի դատարանի՞ց, թե՞ մարտի 1-ի հանձնաժողովից։ Մի խոսքով, իշխանությունների վիճակը վիճակ չի։ Կոալիցիայի անդամ կուսակցությունը միտինգներ է անում Սերժ Սարգսյանի դեմ, իշխող կուսակցության պատգամավորները բոյկոտում են այդ նույն իշխանությունների ներկայացրած օրենքների ընդունումը և այլն։ Սա արդեն նույնիսկ ճգնաժամ չէ, սա խուճապ է։ 

Ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց դրանից էությունը չի փոխվի։ Փաստն այն է, որ այսօր ռեժիմը փրկության որևէ շանս չունի։ 2003-ը չի կրկնվելու։ Ճիշտ հակառակը` ավարտին է հասցվելու հենց այն, ինչը պիտի արվեր դեռևս 2003-ին։ Իսկ բոլոր նրանց, ովքեր Համաժողովրդական պայքարն ընկալում են որպես շոու և տրտնջում են, որ այս ամենը ձանձրալի է, խորհուրդ ենք տալիս գնալ կրկես կամ զանազան շուշանպետրոսյանների համերգներին (տարբերությունը մեծ չէ)։ Սա շոու չէ, սա պայքար է հանուն ազատության, եթե կուզեք` պատերա՛զմ է հանուն ազատության։ Իսկ պատերազմին որևէ մեկը հանուն հաճույքի չի մասնակցում։ 

Մարկ Նշանյան

«Չորրորդ իշխանություն», No 785, սեպտեմբերի 12, 2008 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ