Սերժ Սարգսյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմին, հայտարարել է. «Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»:
Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արել է ապրիլյան պատերազմի՝ հաղթանա՞կ, թե՞ պարտություն լինելու համատեքստում (սա առանձին թեմա է, որն ունի մի շարք ասպեկտներ ու բաղադրիչներ՝ ռազմական, քաղաքական, քարոզչական, հասարակական ընկալման և որի գնահատականը տալիս՝ պետք է հաշվի առնել այս բոլոր ասպեկտներն ու դրանց հանրագումարը)։
Սերժ Սարգսյանն իր ասած՝ տարածվող «միֆերի» հեղինակներ է համարում մի նեղ քաղաքական շրջանակի, որը չի սիրում իրեն։ Նկատի ունի իրեն հակառակորդ քաղաքական ուժերին ու գործիչներին։
Սակայն Սերժ Սարգսյանին պետք է հիշեցնել, որ կոնկրետ դիզվառելիքի պահով ժամանակին խոսել են ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսները, այլև իր կուսակիցը, այն էլ՝ իր նշանակած վարչապետն ու կուսակցության գծով իր առաջին տեղակալը՝ Կարեն Կարապետյանը, այսինքն՝ երկրի երկրորդ դեմքը։
2017թ. գարնանը վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում հայտարարել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինտեխնիկան չէր աշխատում. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: Նա նման հայտարարություն արել էր նաև մեկ այլ առիթով։ Այսինքն՝ պատահական ասված բան չէր կարող լինել։
Կարեն Կարապետյանի այս հայտարարությունն առանձնահատուկ ու առավել կարևոր է այնքանով, որքանով նա համակարգի ներսի մարդ էր ու ի պաշտոնե հսկայական ինֆորմացիայի ու փաստերի էր տիրապետում, տեղյակ էր իրավիճակին, իրերի դրությանը, ինչը չի կարելի ասել ընդդիմադիրների ու ընդդիմախոսների մասին։ Վերջիններս օբյեկտիվորեն չէին կարող ունենալ այն տեղեկատվությունն ու փաստական բազան, ինչ երկրի վարչապետը։
Հիմա, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե նման «միֆեր» տարածում էին ու են իր անձը չսիրողները, թե ամոթալի քայլ է նման «ստեր» տարածելը, նկատի ունի նաև իր վարչապետ Կարեն Կարապետյանի՞ն, որին այդ պաշտոնին նշանակել ու նրա համար ՀՀԿ-ում իր առաջին տեղակալի կարգավիճակը ստեղծել էր, իր խոսքով ասած՝ ՀՀԿ-ին «նոր որակ» հաղորդելու նպատակով։
Հ.Գ. Ասուլիսում Սերժ Սարգսյանն անդրադառնալով Կարեն Կարապետյանի հայտարարությանը՝ ծամծմված կերպով ասաց, թե այդ թեմայով խոսել է նրա հետ, ու վերջինս ասել է, որ իբր իր խոսքը վրիպում էր, իրեն թյուրիմացության մեջ են գցել Արցախի որոշ շրջանակներ։
Դժվար է արժանահավատ համարել Սերժ Սարգսյանի այս բացատրությունը, նախ՝ նրա պատասխանի վախվորած հնչերանգից, երկրորդ՝ Կարեն Կարապետյանը նման հայտարարություն արել է երկու անգամ՝ մեկամսյա պարբերականությամբ։ Եթե նման խոսակցություն տեղի ունեցած լիներ նրա ու Սերժ Սարգսյանի միջև, ապա Կարեն Կարապետյանը երկրորդ հայտարարությունը չէր անի։
Բացի այդ, Կարեն Կարապետյանը ժամանակին հրապարակավ հայտարարություն կաներ իր վրիպման մասին, քանի որ թեման անչափ կարևոր էր ու լայն արձագանք էր ստացել։ Դժվար է պատկերացնել, որ այդ ժամանակ իշխանությունը առիթը բաց թողներ հանրային մեծ հնչեղություն ստացած «վրիպումը» հերքելու համար։
Համլետ Կիրակոսյան